Եվրամիությունը Հայաստանից բացի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում նաեւ այլ երկրների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստան-ԵՄ բանակցություններում եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը՝ ներկայացնելով, թե այդ առումով ինչպիսին է իրավիճակն այլ երկրներում:

Վիգանդը նշեց, որ Հայաստանից առաջ է Ուկրաինան, որի հետ կնքվելիք համաձայնագրի տեքստն արդեն պատրաստ է եւ կստորագրվի մինչեւ այս տարեվերջ: Միաժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանի հետ բանակցային փորձը հրաշալի է:

Վիգանդի ներկայացմամբ՝ Հայաստանից բացի, նմանատիպ բանակցություններ են ընթանում նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի հետ, որոնք գտնվում են գրեթե նույն փուլում եւ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի համաձայնագրեր կնքել այդ երեք երկրների հետ:

«Ադրբեջանի հետ եւս բանակցություններ են ընթանում, սակայն այնտեղ առաջընթացն ավելի փոքր է: Դա չի վերաբերում ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, քանի որ այդ երկիրը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ»,-ասաց Վիգանդը:

Գլխավոր բանակցողը նաեւ հայտնեց, որ անհրաժեշտ է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստը թարգմանել 23 լեզուներով, ինչը կտեւի մի քանի ամիս: