Ռուսաստանի Գերագույն դատարանը մարտի 26-ին հաստատել է ամբողջ տարին գործող «ամառային ժամանակը» Ռուսաստանում: Այդպիսով դատարանը մերժել է «Պացիենտների պաշտպանության լիգայի» նախագահ Ալեքսանդր Սավերսկիի հայցը, որը կարծում է, որ աստղաբանական եւ ժամային գոտիների տարբերության պատճառով ռուսաստանցիները զրկված են հանգստի եւ առողջության իրավունքից: 

«Ռոսբալտը» գրում է, որ փետրվարին ռուսական մամուլում լուրեր էին հայտնվել, որ իշխանությունները որոշել են ռուսաստանցիներին վերադարձնել քնի մեկ ժամը՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով: Սակայն շուտով տեղեկությունը հերքվել էր: ՌԴ-ի կառավարությունը աննպատակահարմար է համարում այժմ ձմեռային ժամանակին անցնելու հարցը վճռելը, հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: 

Մինչդեռ Ռուսաստանի քաղաքացիների հարաբերական մեծամասնությունը (43%) հայտարարում են, որ կցանկանային ապրել նախկին համակարգով, երբ ժամացույցի սլաքները տարվա մեջ երկու անգամ փոփոխվում էին: