Գնալով շատանում են այն մարդիկ, ովքեր հրապարակավ կասկած են հայտնում, թե Բորիս Բերեզովսկին ինքնասպան է եղել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Times-ի հրապարակումը:

Թերթը ներկայացնում է Բորիս Բերեզովսկիի 23-ամյա ընկերուհի Աննիկի Անկվերինայի տեսակետը, ում հետ գործարարն սկսել է հանդիպել 5 տարի առաջ:

Բերեզովսկիի նախկին PR-խորհրդատու Ռիչարդ Հիլգրոուվը թերթին ասել է, որ Անկվերինան Բերեզովսկիի հետ հանդիպել է նրա մահից երկու օր առաջ ու թեեւ գործարարը վատ տրամադրություն է ունեցել, աղջիկը չի կարծում, որ Բերեզովսկին ինքնասպանության շեմին է եղել:

«Նա նաեւ խիստ կասկածում է, որ, ինչպես պնդում է Կրեմլը, Բերեզովսկին նամակ է գրել Պուտինին, որտեղ խնդրել է Ռուսաստան վերադառնալու հնարավորություն տալ իրեն»,-ասել է Հիլգրոուվը:

Բերեզովսկիի ընկեր Ալեքսանդր Գոլդֆարբն էլ թերթին հայտնել է, որ մինչ օրս չի կարողանում ուշքի գալ գործարարի մահվան լուրը լսելուց հետո: «Ոչ ոք չէր սպասում, որ Բորիսը կմահանա: Ես չեմ ուզում հավատալ, որ դա ինքնասպանություն է եղել, սակայն ես կընդունեմ ցանկացած եզրակացություն, որին կհանգի ոստիկանությունը»,-ասել է նա:
Ամերիկյան լրատվամիջոցներում Բորիս Բերեզովսկիի մահվան մասին հրապարակումներում գործարարին այնքան էլ լավ լույսի ներքո չեն ներկայացնում: Մասնավորապես, նրան անվանում են «մեր ժամանակների Ռասպուտին», «անտանելի կռվարար եւ գանգսթեր», «հայտնի ստախոս ու գող» ու «չար հանճար», գրում է «Վզգլյադը»:

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր հերթին հայտարարել է, որ Բորիս Բերեզովսկիին կարող էին վերացնել բրիտանական հատուկ ծառայությունները: «Այստեղ ես կարծում եմ, սպանությունն ակնհայտ է եւ կատարվել է այն Բրիտանիայում գտնվող կառույցների կողմից: Ինչո՞ւ են նրանք դա արել: Նա բոլորին ասել էր, որ ուզում է վերադառնալ մեր երկիր»,-ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ Բերեզովսկիին մահացած են գտել մարտի 23-ին, Սյուրեյի իր առանձնատան լոգարանում: