Մարտի 29-ին անծանոթ փաստաբանը կոշիկ է նետել Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆի վրա, երբ վերջինս դուրս էր գալիս Սինդ նահանգի Կարաչի քաղաքի Գերագույն դատարանից, որը երկարաձգել էր նրա անձեռնմխելիությունը մի շարք գործերում:
Geo News հեռուստաալիքը հայտնում է, որ կոշիկը գեներալին չի դիպել: Միջադեպից հետո Մուշարաֆին անվտանգ վայր են տարել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ուրբաթ օրը դատարանը 15 օրով երկարացրել էր Մուշարաֆի կալանքը խափանող գրավի գործողությունը. գեներալի նկատմամբ վարույթ է սկսվել 2007թ.-ից՝ նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի, 2006թ. Բելուջստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության եւ 2007թ. երկրում արտակարգ իրադրության ժամանակ Գերագույն դատարանի մի շարք դատավորների ձերբակալության գործերով:
Նշենք, որ հայտնի քաղաքական գործիչների վրա կոշիկ նետելն արդեն դադարել է դժգոհությունն արտահայտելու արտասովոր միջոց լինելուց: Իրաքցի լրագրող Մունթազեր ազ-Զեյդին 2008թ. Բաղդադում կոշիկ էր նետել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վրա եւ դրանից հետո երեք տարով հայտնվել էր բանտում: Դրանից հետո «թիրախներ» էին դարձել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը, Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն, Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:



























