Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջեւ: ԱՊԱ-ն, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ շահերին առնչվող հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում NDI-ի գործունեությունը, անդրադարձել են նաեւ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի հարցին:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատանը ԱՊԱ-ին հայտնել են, որ այդ զրույցի մասին տեղյակ չեն:

Գործակալությունը հիշեցնում է, որ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանում  NDI-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորիեւսը վերջին 2 տարիներին  իր հաշվից հանել է միլիոն դոլարից ավելի՝ չտեղեկացնելով, թե ինչի համար են նախատեսված այդ միջոցները:  Նախկինում NDI-ն հերքել էր այդ մեղադրանքները, հայտարարելով, որ Ադրբեջանում իր գործունեությունը բաց եւ թափանցիկ է:  Մեղադրանքներն առնչվում էին գունավոր հեղափոխություններին Գրիգորիեւսի ունեցած մասնակցությանը: 

Բացի դրանից, ԱՄՆ-ին, ամենայն հավանականությամբ, անհանգստացնում են Բաքվի եւ Վիեննայի միջեւ լարված հարաբերությունները. Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ԵԱՀԿ՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը մշակման եւ համակարգման մակարդակի իջեցման մտադրությամբ:  Տվյալ հարցի քննարկումները շարունակվում են:

Այսօր էլ հայտնի է դարձել, որ ԱՀ-ի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը դիմել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին՝ Ադրբեջանում Ազգային ժողովրդավարության  ինստիտուտի (NDI) գործունեության կապակցությամբ: Այդ մասին «Bizimyolinfo.az» կայքին հայտնել էր ԱԳՆ-ի աղբյուրը:

Նամակում ասվում է, որ լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները  հասարակական լայն խուճապ են առաջացրել: Դատախազության մարմինների անցկացրած հետաքննության արդյունքում  պարզվել է, որ ԱՀ-ում  NDI-ի գործունեության ժամանակահատվածում  երկրում խախտվել էին ԱՀ-ի «Ոչ կառավարական կազմակերպությունների (հասարակական միավորումներ եւ հիմնադրամներ) մասին», «Պետական գրանցման եւ իրավաբանական անձանց պետական ռեեստրի մասին» եւ «Գրանտների մասին» օրենքների պահանջները, ինչպես նաեւ «Ոչ կառավարական կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմելու կանոնները»՝ հաստատված ԱՀ-ի կառավարության կողմից՝ 25.12.2012 –ից մինչեւ 23.07.2012: Բաքու, Գյանջա, Թովուզ, Շիրվան, Եվլախ, Շեքի, Խաչմազ, Ջալիլաբադ քաղաքներում  գործող գրասենյակները եւ տեղեկատվական կենտրոնները առանց համապատասխան գրանցման  բաժանել են գրանտներ,  հակաիրավական գործողություններ թույլ տվել: Պարզվել է, որ  02.03.2010-ից մինչեւ  13.12.2012-ն ընկած ժամանակահատվածում Միջազգային բանկում ներկայացուցչության ղեկավարի հաշվից հանվել է  1.007.990.44 ԱՄՆ դոլար: