Կիպրոսի կառավարությունը կտրականապես մերժել է Թուրքիայի բոլոր գաղափարներն ու առաջարկությունները` կիպրական խնդիրը կղզում երկու պետությունների գոյության հիման վրա լուծելու մասին: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի արտգործնախարար Յաննիս Կասուլիդիսը` ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ի եւ նրա ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունների:

«Կիպրոսի կառավարությունը կտրականապես մերժում է երկու պետությունների ստեղծման ցանկացած գաղափար եւ առաջարկություն: 1960թ. համաձայնագիրը, որ վկայակոչել է Թուրքիայի ԱԳ նախարարը, ենթադրում է Կիպրոսում մեկ պետության ստեղծում: Թուրքական հղումները երկու ժողովրդի, կղզու համատեղ տիրապետման, ածխաջրածիններում հավասար դերի մասին նշանակում են առկա դրության ժխտում եւ խախտում»,- նշել է Կասուլիդիսը:

Նա նշել է, թե Կիպրոսի բնական պաշարները պատկանում են կղզու միակ տիրոջը` Կիպրոսի հանրապետության ժողովրդին: «Կիպրական խնդրի լուծումից հետո բնական հարստությունները կմնան եւ կօգտագործվեն կիպրական ժողովրդի կողմից, որը բաղկացած է երկու համայնքներից, բացառությամբ վերաբնակվածների»,- նշել է նա: