Գլազգոյում 14-ամյա աշակերտուհուն բռնաբարել են երկու երիտասարդներ՝ ուղերթային ավտոբուսի երկրորդ հարկում, հաղորդում է Scotsman.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս մարտի 22-ին, երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, սակայն ոստիկանությունը այդ մասին մամուլին հայտնել է միայն մեկ շաբաթ անց, հաղորդում է BBC News-ը:
Երկու ընկերուհիներ նստել են քաղաքային ավտոբուսի ներքեւի հարկում, հետո նրանցից մեկը բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ եղել են 18-20 տարեկան երկու երիտասարդներ:
Աղջիկը զրույցի է բռնվել նրանց հետ, ովքեր շատ ազատ են իրենց պահել: Հետո, ըստ ոստիկանության, տղաները հարձակվել են աղջկա վրա եւ բռնաբարել: Աղջկան փորձել է պաշտպանել ընկերուհին, ով բարձրացել է ավտոբուսի երկրորդ հարկ եւ օգնության կանչել ներքեւի հարկում նստած ուղեւորներին: Օգնության են եկել երկու տղամարդ եւ մեկ կին, հաղորդում է Lenta.ru-ն:
Ընկերուհու եւ իրեն պաշտպանող ուղեւորների հետ միասին աղջիկը լքել է ավտոբուսը, իսկ երիտասարդները շարունակել են ճանապարհը: Աղջիկը տուն է հասել մեկ այլ ավտոբուսով եւ տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանությանը: Չի հաղորդվում, թե ինչու աղջիկները կամ մյուս ուղեւորներն անմիջապես չեն հայտնել ոստիկանությանը:




























