Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկային հունական ինստիտուտն այս շաբաթ կոչ են արել ԱՄՆ առեւտրային ներկայացուցչին պահանջել, որպեսզի ցանկացած նոր թուրք-ամերիկյան առեւտրային համաձայնագիր կնքվի պայմանով, որ Անկարան դադարեցնի Կիպրոսի անօրինական օկուպացիան եւ Հայաստանի ապօրինի շրջափակումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

ԱՄՆ գործող առեւտրային ներկայացուցիչ Դիմիտրիոս Մարանտիսին ուղղված նամակում Ամերիկային հունական ինստիտուտի նախագահ Նիկոս Լարիգակիսը եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պարզաբանել են, որ երկու համայնքները, սկզբունքորեն, ողջունում են «ամերիկյան առեւտրի ընդլայնումն ու ներդրումները, որոնք հիմնված են արդար խաղի եւ օրենքի գերիշխանության վրա», բայց ընդգծել են, որ «Թուրքիայի դեպքում, պարզ է, որ ԱՄՆ-ը կայուն կերպով առաջ չի մղի մեր ազգային շահերը, մեր տնտեսական բարեկեցությունը կամ մեր հիմնական արժեքները, եթե պարգեւատրի մի երկրի, որն այդպես բացահայտորեն եւ կոպիտ կերպով խախտում է գլոբալ առեւտրային համակարգի ամբողջականությունը՝ օկուպացնելով ԵՄ անդամ երկրի տարածքը եւ շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը»: