Հյուսիսային Կորեան «Հարավային Կորեայի դեմ պատերազմական դրություն է հայտարարել», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ AFP-ի` ԿԺԴՀ-ի բոլոր պետական մարմիններում եւ հաստատություններում տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ այսուհետ «երկու Կորեաների միջեւ բոլոր հարցերը կլուծվեն ռազմական դրության պայմաններին համապատասխան»: Հաղորդվում է նաեւ, որ երկու պետությունների սահմանին ցանկացած սադրանք կհանգեցնի «հակամարտության եւ միջուկային պատերազմի»:
Տեխնիկապես Հյուսիսային եւ Հարավային Կորեան առանց այդ էլ պատերազմական իրավիճակում էին, քանի որ 1950-53թթ. կորեական պատերազմն ավարտվել էր հրադադարի, այլ ոչ թե հաշտության պայմանագրի ստորագրությամբ, գրում է lenta.ru-ն:
«Ռոսբալտը», վկայակոչելով AFP-ին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն լուրջ է ընդունել հարեւան Հարավային Կորեայի դեմ ԿԺԴՀ-ի պատերազմական դրության մասին հայտարարությունը, հայտնել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է պաշտպանելու իրեն եւ իր ասիացի դաշնակիցներին, հաղորդում է vesti.ru-ն:
Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ խզում է Սեուլի հետ ստորագրած խաղաղ համաձայնագրերը` ի նշան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների դեմ բողոքի: Մարտի 26-ին ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտնել են, որ պատրաստվում է հավանական հրթիռային հարված ԱՄՆ-ի ցամաքային մասում, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ռազմակայանների վրա: Մարտի 29-ին հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաման էր ստորագրել հրթիռային զորքերը պատրաստականության վիճակի բերելու մասին։




























