Ոստիկանության հատուկ ջոկատը մարտի 30-ի գիշերը վնասազերծել է գերմանական գաղութի կալանավորին, որը ավելի քան 10 ժամ պատանդ է պահել ուղղիչ հաստատության աշխատակցուհուն։ Աշխատակցուհին չի տուժել։

«Զուլ-Գոլդլաուտեր» գաղութի կալանավորը մարտի 29-ի ժ. 16.00-ի սահմաններում դանակով հարձակվել է ուղղիչ հաստատության 26-ամյա աշխատակցուհու վրա՝ նրան պատանդ վերցնելով։ Միայն հինգ ժամ անց է ոստիկանությանը հաջողվել կապ հաստատել 52-ամյա բանտարկյալի հետ եւ բանակցություններ սկսել։ Վերջինս պահանջել է իրեն այլ գաղութ տեղափոխել եւ փաստաբանի հետ հանդիպում կազմակերպել։

Եվս հինգժամյա անհաջող բանակցություններից հետո ոստիկաններին հաջողվել է ազատել կնոջը եւ չարագործին կրկին հսկողության տակ վերցնել։

NTV-ի տվյալով,  «Զուլ-Գոլդլաուտեր» գաղութի վատ պայմանների դեմ բողոքները սկսվել էին դեռեւս 1993թ., երբ տասնյակ կալանավորներ հրաժարվում էին զբոսանքից հետո խուց վերադառնալուց։