Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հանձնարարել է ձերբակալել  հայտնի հաղորդավար Բասեմ Յուսեֆին` նախագահ Մուհամեդ Մուրսիին զրպարտելու եւ իսլամն անպատվելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Al-Ahram-ը,  CBC արբանյակային հեռուստաալիքի լրագրող եւ «Ծրագիր» հաղորդման հեղինակ Յուսեֆին  հրամայվել է գալ դատախազություն` ցուցմունքներ տալու երկրի նախագահի եւ իսլամի հասցեին արված անհաճո արտահայտությունների համար:Ամեն շաբաթ ցուցադրվող, Ջոն Սթյուարթի ամերիկյան երգիծական   Daily Show հաղորդման տեղի կրկնօրինակը հանդիսացող հաղորդման հեղինակի հասցեին մի քանի բողոք է գրանցվել:

Լրագրողին մասնավորապես մեղադրել են իլամի վերաբերյալ արված տհաճ արտահայտությունների, նախագահ Մուրսիի հասցեին հնչած զրպարտանքների, աղոթքները հեգնելու  եւ հասարակական կարգն ու անվտանգությունը խախտելու մեջ: