Անցած տասնամյակի շինարարարական բումն արմատապես փոխեց երկրում բնակարանների հետ կապված իրավիճակը: Օրինակ, այդ ժամանակահատվածում մայրաքաղաքում առանձնատների թիվը գրեթե կրկնապատկվել է:  Այսպես, 2002թ. հունվարի 1-ի դրությամբ Երեւանում մոտ  29,7  հազ.  առնաձնատուն է եղել` ընդհանուր 5,0 մլն քմ տարածքով: 2012թ. հունվարի 1 –ի դրությամբ թիվը հասել է 54,7  հազարի:

Ըստ հաշվարկների` 2002թ . հունվարի 1 -ի դրությամբ  Երեւանում առանձնատների միջին տարածքը 168,5  քմ է: Իսկ ահա նույն ցուցանիշն ավելի ուշ շրջանի կառույցների դեպքում կազմել է... 160,5 քմ, այսինքն, 8քմ-ով պակաս: Իսկ որքան քիչ է տարածքը,  այնքան ցածր է գույքահարկը...

Ընթացիկ տարվա փետրվարին մայրաքաղում վաճառվել է 104 առանձնատուն, ինչը 25 միավորով կամ գրեթե  32%-ով գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ստորեւ ներկայացված գծապատկերից ակնհայտ է, որ առանձնատների առքուվաճառքի գործարքները թիվն առավելագույնի է հասել նախաճգնաժամային 2008թ-ին:

 

Իսկ ահա Հայաստանի համար ճգնաժամային  2009 թ-ին անկումն ամենամեծն է եղել վերջին տասնամյակում:  Ընթացիկ տարվա փետրվարին գործարքների թիվը հասել է  2008թ. ռեկորդային ցուցանիշին:

Առաջին հայացքից մայրաքաղաքում առանձնատների շուկան ակտիվացել է` այդպիսով խախտելով վերջին տարիների միտումները: Սակայն եթե դիտարկենք  ընթացիկ տարվա հունվար-փետրվարի տվյալները, ապա պատկերը փոխվում է:

Հունվար-փետրվարին մայրաքաղաքում առանձնատների առքուվաճառքի  189 գործարք է կատարվել, ինչն ընդամենը  8 գործարքով կամ 4%-ով է գերազանցում անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առանձնատան «քառակուսու» միջին շուկայական գինն աճել է 14,2 հազ. դրամով կամ 5,3%-ով: Ընդ որում, ամենամեծ աճն արձանագրվել է «Ավան» վարչական շրջանում` «քառակուսու» դիմաց`  19,3 հազ. դրամով կամ 7,7%-ով,  նվազագույնը` «Նուբարաշեն» վարչական շրջանում`  2,2%-ով:

Այս շրջանում ԱՄՆ դոլարն ամրապնդել է իր դիրքերը` 4,7%-ով, ինչն իր շտկումներն է մտցրել. արդյունքում առանձնատան  «քառակուսու» միջին գինը աճել է «ընդամենը»  4 դոլարով կամ 0,5%-ով:

Ընդ որում, մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում արձանագրվել է առանձնատների գների անկում` դոլարային համարժեքով: «Կենտրոն» վարչական շրջանում 1քմ-ի միջին շուկայական արժեքը նվազել է 19 դոլարով կամ 1,6%-ով, «Արաբկիրում»` 6 դոլարով կամ 0,6%-ով:

Նկատելի ավելացել են գները «Ավան» վարչական շրջանում` 18 դոլարով կամ 2,3%-ով, «Էրեբունիում» աճը կազմել է 17  դոլար կամ 3,1%: Այսպիսով, առանձնատների պահանջարկը «թանկարժեք» շրջաններից տեղափոխվում է ծայրամասեր, որտեղ գներն առավել ընդունելի են:

Ալբերտ Խաչատրյան