«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, ապրիլի 2-ին` փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրել է 15 անվանակարգում ներկայացված հավակնորդ ֆիլմերը: «Հայակ - 2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից: Հիշեցնենք նաեւ, որ այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» եւ «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերը:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված ութ հայտից երեքը` ռեժիսորներ Նատալյա Բելաուսկենեի, Վիգեն Չալդրանյանի եւ Մարիա Սահակյանի «Եթե բոլորը», «Ձայն լռության» եւ «Այդ ես չեմ» ֆիլմերը դարձել են հավակնորդներ: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 10 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ են դարձել ռեժ. Հարություն Խաչատրայանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», ռեժ. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» եւ ռեժ. Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմերը:

«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 6 հայտից քվերակության արդյունքում ընտրվել են Վրեժ Պետրոսյանն ու Սուրեն Թադեւոսյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , իսկ Մկրտիչ Մալխասյանը` «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 9 ֆիլմից ժյուրին ընտրել է Հարություն Խաչատրյան-Միքայել Ստամբոլցյան, Թերեզա Վարժապետյան - Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան- Աստղիկ Սիմոնյան` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , «Եթե բոլորը» եւ «Այդ ես չեմ» ֆիլմերի սցենարիստներին:

«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ժյուրին ընտրել է «Թափառում», «Ձմեռվա խնձոր» եւ «Այդ ես չեմ» ֆիլմերի նկարիչներ` Արմեն Ղազարյանին, Արմեն Ռոնովը- Իգոր Լիվշիցը-Տիգրան Բոջուկյանին եւ Վիկտորիա Լամշինաին:

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ընտրվել է Արամ Սուքիասյանը, Վահագն Հայրապետյանը, Պոլինա Նազայկինսկայան եւ Գարի Քյոսայանը` «Թափառում», «Եթե բոլորը» , «Այդ ես չեմ» եւ «Ձայն լռության» ֆիլմերից: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվել է Եկատերինա Շիտովան, Մարիամ Դավթյանը եւ Լուիզա Ներսիսյանը` «Եթե բոլորը» , «Ձայն լռության» եւ «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 4 հայտից ընտրվեց Ժենյա Մկրտումյանը, Արմինե Անդան եւ Ֆրիդա Յորքը` «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 8 հայտից քվերակության արդյունքում ընտրվել է Վիգեն Չալդրանյանը, Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը եւ Շանթ Հովհաննիսյանը` «Ձայն լռության», «Poker.am», «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված 5 հայտից ընտրվել է Կարեն Ջանգիրովը, Արտաշես Ալեքսանյանը եւ Խորեն Լեւոնյանը` «Եթե բոլորը», «Poker.am» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 11 ֆիլմից ընտրվել են Արման Չիլինգարյանի «Որս», Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19», Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» եւ Արտակ Փայտյանի «Գյուղական ռապսոդիա» ֆիլմերը:

 «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված 11 հայտից ժյուրին ընտրել է Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» , Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» եւ Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվել է Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգի գաղտնիքը» , Նաիրա Մուրադյանի «Բալետ» եւ Հայկ Սահակյանցի «Quantum jump» մուլտֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը», Արեն Վաթյանի «Կավե մարդը» եւ Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ժյուրին ընտրել է Բրադեն Քինգի «Այստեղ», Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» եւ Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմերը:

Հավակնորդ դարձած բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Օրանժ Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 28-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանլիք հանդիսավոր երեկոյի ժամանակ: