«Արմավիա» ավիաընկերությունում ընթանում է տոմսեր գնած ուղեւորների գրանցումը, որպեսզի երկուշաբթի օրվանից, ըստ հերթականության, նրանց զանգեն եւ կանչեն փոխհատուցման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմավիա» ավիաընկերությունից:
Նրանց փոխանցմամբ` վաղվանից կսկսի այն տոմսերի փոխհատուցումը, որոնք վաճառվել են օնլայն, իսկ երկուշաբթի օրվանից, ըստ հերթականության, կզանգեն բոլոր գրանցվածներին եւ կկանչեն:
Թե քանի հոգի է գրանցվել, կոնկրետ թիվ դժվար է նշել, քանի որ գործընթացը ընթանում է, բայց մեզ վստահեցրին, որ խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է, ոչ
հազարավոր:
«Արմավիայում» տոմսեր գնած եւ փոխհատուցում ստացող ուղեւորներին բաժանել են երեք կատեգորիայի:Առաջին խումբը, որին կփոխհատուցեն, տոմսերը օնլյան գնած մարդիկ են, երկրորդ կատեգորիան տոմսերը գործակալությունների միջոցով գնած անձինք են, նրանք դիմում են գործակալություններին, որոնք դեռեւս չեն փոխհատուցել ավիաընկերությանը: Իսկ «Արմավիայի» գրասենյակ դիմում են նրանք, ովքեր բացառապես իրենց մոտից են տոմսը գնել կամ գնել են այն գործակալություններից, որոնք գումարը փոխհատուցել են «Արմավիային»:
Ի դեպ, ավելի վաղ «Արմավիայից» հայտնել են, թե տոմսեր գնած ուղեւորների գումարները կսկսի փոխհատուցել ապրիլի 11-ից:
Նշենք, որ 1996թ. ստեղծված ընկերությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու եւ սնանկության գործընթաց սկսելու մասին:
«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ:
Ընկերությունն ահռելի պարտքեր ունի ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանին եւ սեփական աշխատակիցներին, այլ նաեւ ռուսական ընկերություններին, մասնավորապես ռուսական օդանավակայաններին պարտք է մոտ 45 մլն ռուբլի: Մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանին ընկերությունը պարտք է ավելի քան 44 մլն ռուբլի, իսկ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին («Բազել Աէրո» հոլդինգ)՝ մոտ 900 հազար ռուբլի: Ռուսական ՎՏԲ բանկը «Արմավիա» եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ` Mika Limited ընկերությունների դեմ՝ 22 մլն դոլարի չափով հայց է ներկայացրել:




























