Վրաստանի Գլխավոր դատախազությունը հատուկ հետաքննչական խումբ կստեղծի 2008 թվականի օգոստոսյան պատերազմի իրավական կողմը հետաքննելու համար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլիաշվիլին։
«Մենք պետք է ստեղծենք հետաքննչական խումբ, որը կուսումնասիրի օգոստոսյան պատերազմի իրավական կողմը, եւ մեր խնդիրն է պարզել, արդյոք տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ, այլ տիպի հարցերի ուսումնասիրությունը վերաբերում է քաղաքական գործիչներին, եւ մենք դրանց չենք անդրադառնա», - ասել է Կբիլիաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
Նրա խոսքով, կհարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր կապ ունեն 2008 թվականի օգոստոսի ռազմական գործողությունների վրացական կողմի ղեկավարության հետ, եւ ովքեր տեղեկացված են այդ հարցում։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախօրեին հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները 2008 թվականի օգոստոսին գործել են ոչ ադեկվատ։ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ Վրաստանի նախագահը կաող է հարցաքննվել օգոստոսյան պատերազմի գործով։




























