Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, գործարար Գուրգեն Արսենյանն այսօր՝ ապրիլի 11-ին, հանդիպել է Երեւանի Աջափնյակ թաղամասի ընտրողների հետ:
Նա բնակիչներին կոչ է արել առաջիկա ընտրություններում քվեարկել ԲՀԿ-ի օգտին: «Երբ մարդիկ հարստանում են՝ չստեղծելով ոչինչ, դա շատ կասկածելի է եւ ստիպում է մտածել անազնիվ եկամուտների մասին: Ուրիշինը վերցնելն ազնիվ չէ: Ես գործարար եմ եւ ողջ կյանքս ինչ-որ բան ստեղծում եմ: Վստահեք մեզ եւ պահանջեք մեզանից»,-հայտարարել է Արսենյանը:
Ինչպես բոլոր նախորդ հանդիպումներում, բնակիչները բողոքել են գործազրկությունից, ցածր թոշակներից, տրանսպորտի հետ կապված խնդիրներին:
Անդրադառնալով թոշակների խնդրին, Արսենյանը կարծիք է հայտնել, որ «իրերի ներկա դրությունը անարդարության դրսեւորում է նրանց նկատմամբ, ովքեր կառուցել են այս երկիրը»: Նա համաձայնել է, որ թոշակները պետք է բարձրացնել, բայց նաեւ հարցրել է. «Բայց որտեղի՞ց փող վերցնել»:
Բնակիչներն առաջարկել են վերացնել ստվերային տնտեսությունը, ինչը Արսենյանը ոչ բավարար միջոց է համարում: «Միայն բիզնեսն ստվերից հանելը բավարար չէ, անհրաժեշտ է ինչ-որ բան ստեղծել»,-կրկին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը:




























