Այսօր Ազգային ժողովում քննարկվել է 2008թ մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քննարկումները դեռ չեն ավարտվել, հաջորդ քառօրյան կսկսվի խմբակցությունների ելույթներից եւ դրանք կավարտվեն:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կողմերին մինչեւ հաջորդ քառօրյա նախագծի հեղինակների` ՀԱԿ-ի հետ քննարկել բոլոր առաջարկները եւ ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց նաեւ, որ դեռեւս անհայտ է իր` անկախ պատգամավորների ընդգրկվելու մասին առաջարկության ճակատագիրը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ ՀՀԿ-ն դեմ է, որ անկախ պատգամավորները ընդգրկված լինեն, պատճառը նույնն է` քաղաքական ուժերը այդպես են որոշել, ԱԺ-ն քաղաքական ուժերի համար է: «Ես ասել եմ, որ եթե նման ձեւով վարվի, դա կլինի խախտում, որովհետեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքը հստակ ասում է, որ ԱԺ պատգամավորները իրավունք ունեն ընդգրկվելու ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովների կազմում»,- ասաց նա:
Համաձայն որոշման նախագծի` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 հոգուց, որոնցից 2-ը կլինեն ՀՀԿ-ի պատգամավորները, իսկ մյուս խմբակցություններից` մեկական ներկայացուցիչ: Եթե անկախ պատգամավորներ չընդգրկվեն հանձնաժողովի կազմում, նրանք որեւէ բան չեն կարող անել: Էդմոն Մարուքյանը մտավախություն ունի, որ դա կարող է նախադեպ լինի հետագայում ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովներում չընդգրկելու խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին:
Նա չի ցանկանում ի սկզբանե չստեղծված հանձնաժողովին գնահատակններ տալ եւ ասել, որ դա չի աշխատի, քանի որ շատերը մեծ հույսեր են կապում այդ հանձնաժողովի հետ, «անգամ եթե հնարավորություն չտրվի, որ անկախ պատգամավորները աշխատեն այդ հանձնաժողովում, պետք է ամեն կերպ աջակցել, որ այն կայանա եւ աշխատի եւ ինչ-որ քայլ արվի մարտի 1-ի խնդիրը լուծելու ուղղությամբ»:
Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ին կայացած նիստում միաձայն ընդունվել է մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախապես քաղաքական պայմանավորվածություն է եղել, որ նախագահական ընտրություններից հետո այն կմտնի հանձնաժողով նիստ, եւ ըստ այդմ` հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել:




























