Եթե Զարուհի Փոստանջյանը լուրջ մոտեցումներով ձեւակերպված գաղափար հայտներ, բնականաբար, ես կպատասխանեի, իսկ այսպես ես չեմ կարող հայհոյանքին հայհոյանքով պատասխանել, ես մտքումս պատասխանել եմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի արտահայտությունը:

«Լավ, կպատասխանեմ. հավակնություններով ինչ-որ բան ասելը, առարկայական աղմուկով ինչ-որ բան հայտնելը քաղաքական ճակատագրի վիճակ է»,-ասաց Սահակյանը:

Գնահատելով ներքաղաքական իրավիճակն ապրիլի 9-ի դեպքերից հետո, նա նշեց, որ երկրում ձեւավորվել է ոչ թե ընդդիմության, այլ՝ բզկտված ընդդիմություններ, որից իշխանության վիճակը չի լավացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր հետեւյալը. «Իշխանությունների հետ բանակցությունների փուլն ավարտված է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում Սերժ Սարգսյանին որպես իշխանության ներկայացուցիչ, որպես պաշտոնյա:

Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանն իր երդմնակալության օրը իր թաղումն է իրականացրել, ոչ ֆիզիկապես, այլ քաղաքական առումով: Սերժ Սարգսյանը որպես պաշտոնյա գոյություն չունի»:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am