NEWS.am-ին տված հարցազրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատական է տալիս Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

Ինչպե՞ս եք պատկերացնում ներքաղաքական իրավիճակի հետագա զարգացումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները հետեւողականորեն չճանաչելու համատեքստում:

Ինձ չի թվում, որ նոր կառավարությունը շատ նոր կլինի: Կառավարության զգալի, եթե ոչ հիմնական մասը կմնա նույնը, իսկ անձանց փոփոխությունները, որոնք տեղի կունենան, չեն փոխի կառուցվածքը: Ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ քաղաքականության մեջ տեղի են ունենում այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը ստիպված են կատարել այդ փոփոխությունները, երբ կա հակադրվող ուժ: Հայաստանում նման իրավիճակ չկա, ուստի ես կարծում եմ, որ իշխանությունը համարակարգի կառուցվածքը փոխելու պատճառ չունի:

Հաջորդը մեզ մոտ Երեւանի քաղաքապետի ընտրություններն են եւ այս պահի դրությամբ, ինձ թվում է, որ ՀՀԿ թեկնածուի հնարավորությունները սկզբունքորեն ավելի մեծ են, քան մյուս թեկնածուներինը, որովհետեւ եւ մայիսյան, եւ փետրվարյան ընտրությունները ցույց տվեցին, որ հանրապետականները ունեն հաղթանակի համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա վերջերս լուրջ թվով ձայներ է ստացել Երեւանում (43 տոկոս-խմբ) եւ այս ընթացքում նա պետք է ավելացներ իր ձայները, բայց նման բան տեղի չի ունենաում: Հակառակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն, ակնհայտորեն, կորցնում է իր ձայները, եւ դա վերաբերում է ողջ երկրին, ոչ միայն Երեւանին: Դա, իհարկե, այն քաղաքականության հետեւանքն է, որն ընտրել է Րաֆֆի Հովահննիսյանը՝ նախագահական ընտրություններից հետո աշխատել ստանդարտ հայկական մոդելով՝ չճանաչելով ընտրության արդյունքները, եւ աշխատել վարկանիշ ավելացնելու վրա, որպեսզի դառնա երկրի փաստացի գլխավոր սեփականատերը: Պարտված կողմի՝ ընտրությունների արդյունքների չճանաչումը Հայաստանում քաղաքական ավանդույթ է, բայց իրական քաղաքականության վրա դա ազդում կամ չի ազդում այն չափով, որքան այդ պարտված կողմն ունի գործիքներ: Գործիքները դա մարդկանց խմբերի աջակցությունն է, ովքեր պատրաստ են այդ գործի համար կանգնել: 1996-ին եւ 2008-ին, մենք հիշում ենք, որ այդպես եղել է: Հիմա, մեղմ ասած, դա բավարար չէ, որպեսզի լրջորեն հնարավոր լինի հասնել ինչ-որ բանի: Բացի այդ, մեր երկրում իշխանությունը սովոր է գոյություն ուննալ թույլ լեգիտիմությամբ:

Ինչո՞վ կարելի է բացատրել այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիաները այդքան զանգվածային չեն, որքան 2008-ի ընտրությունների ժամանակ:

Դա դժվար չէ բացատրել: Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին վերցրեց իր ընտրազանգվածը: Իհարկե, նա վերցրեց նաեւ հստակ ընդդիմադիր ընտրազանգվածը, բայց, ընդհանուր առմամբ, նա իր ընտրազանգվածը վերցրեց: Նա վերցրեց այն մարդկանց ձայները, ովքեր քվեարկել էին ոչ միայն Սերժ Սարգսյանի դեմ, այլեւ հանուն Լեւոն Տեր-Պետրոսյանի: Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը առավելագույնը 5-6 տոկոս է, որը նա ստացավ 2012-ի մայիսին: Հիմա համախմբեց ողջ բողոքը, մարդիկ չգիտեին ում քվեարկել: Ընտրություններում երկրորդ տեղը գրավողի անունը Րաֆֆի Հովհաննիսյան չէ, այլ «հակասերժ»: Դեմ քվեարկելն ու բողոքի ակցիաներին մասնակցելը տարբեր բաներ են: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել են մարդիկ, ովքեր չէին հավատում, որ նա կարող է նախագահ լինել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել են մարդիկ, ովքեր մտածում էին, որ դա կարող է տեղի ունենալ:

Այսինքն այդ ներուժը կարելի է օգտագործել, քանի դեռ կան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնցով կարելի է պահել բողոքը եւ օգտագործել այն հետագայում, բայց Հովհաննիսյանի դա չհաջողվեց: Որպեսզի դա հաջողվեր, պետք է ֆինանսական բազա, փորձագիտական բազա, կողմնակիցների բազա մարզերում: Պետք է նաեւ ունենալ լուրջ խմբակցություն խորհրդարանում: «Ժառանգությունը» խորհրդարանում փոքր է եւ ապակենտրոնացված:

Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններն են: Քանի որ դրանք տեղի են ունենում նախագահական ընտրություններից հետո, որքանո՞վ դրանք կարող են հանրապետական նշանակության քաղաքական միջոցառում լինել, թե՞ երեւանցիների կողմից կընկալվեն որպես ՏԻՄ ընտրություններ:

Այդ ընտրություններն ընտրողների կողմից կընկալվեն որպես քաղաքական եւ լրատվամիջոցներում սոցիալական ցանցերում դրանց քաղաքական բնույթ կտրվի: բայց ընտրություններն, իրականում, կլինեն անձի ընտրություն, ով տնտեսություն ղեկավարող սուբյեկտ է: Իրականում Երեւանի քաղաքապետի պաշտոնը մեր երկրում քաղաքական չէ: Դա մարդու պաշտոն է, ով զբաղվում է բարեկեցությամբ եւ տնտեսությամբ: Դա հատուկ է այնպիսի երկրների համար, ինչպիսին է Հայաստանը կամ հետխորհրդային մյուս երկրները: Որպեսզի Երեւանի քաղաքապետի անձը քաղաքական դառնա, պետք են բոլորովին այլ պայմաններ: Հայաստանն այդ դեպքը չէ, ընդ որում քաղաքապետարանը լուրջ բյուջե ունի, համապաստախանաբար, դա տնտեսվարողի պաշտոն է:

Իհարկե, ընտրությունները վերածվելու են քաղաքականության, իսկ երբ ընտրությունները կայանան, քաղաքապետը պիտի ասֆալտ անի, սալիկները փոխի եւ այլն: Անել դա, միաժամանակ մնալ լավ հռետոր, մեր իրականության մեջ անհնար է, ուստի մեծ հավանականությամբ կհաղթի տնտեսվարողը:

Ձեր կարծիքով, որքա՞ն երկար Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի պահպանել Հայաստանի գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակը: Ինչպիսին են նորաստեղծ ՀԱԿ կուսակցության, ինչպես նաեւ, այսպես կոչված, «այլընտրանքային ուժ» ԲՀԿ-ի դիրքերը վերականգնելու հեռանկարները:

Իմ կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը հայաստանի գլխավոր ընդդիմադիրը չէ: Ներկա իրավիճակում գլխավոր ընդդիմադիրը պարոն Ծառուկյանն է, որովհետեւ ես օգտագործում են «ընդդիմություն» բառը ոչ այն հին իմաստով, որով այն օգտագործվում է Հայաստանում, այլ այն իմաստով, որով օգտագործում են աշխարհի բոլոր քաղաքագետները: Ընդդիմությունը նա է, ով ընդդիմանում է եւ մրցակից է: Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի մրցակիցը չէ, Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու ոչ մի հեռանկար չունի եւ չի ունեցել: Իսկ Ծառուկյանը այդպիսին եղել է եւ հաղթանակի համար նա պայքարել է մայիսյան ընտրություններից մինչեւ դեկտեմբեր: Այդ պայքարն ընթացել է կուլիսներում, բայց պայքարն ակնհայտ էր եւ մինչեւ վերջ, մինչեւ դեկտեմբեր մենք չգիտեինք դրանց արդյունքները: Ընտրություններում հաղթանակը եղավ դեկտեմբերին, երբ Ծառուկյանը հրաժարվեց առաջադրվել նախագահի թեկնածու: Հիմա իրավիճակը փոխվում է եւ մենք վերածվում ենք մի երկրի, որը ինչ-որ ժամանակ չունի ընդդիմություն: Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ ընդդիմություն չէ, նա այդպիսին է մեդիա դաշտում: Այսինքն դա եւս յուրատեսակ փուչիկ է եւ ի՞նչ տարբերություն, թե որքան ժամանակ նա ընդդիմություն կմնա մեդիա դաշտում:
Քաղաքական ընդդիմության ստեղծումը ծանր ամենօրյա աշխատանք է, դա հնարավոր չէ անել 5 տարին մեկ: Հայաստանի ընդդիմության խնդիրն այն չէ, որ այն պետք է համախմբել, այլ այն, որ ընդդիմությունը պետք է ստեղծել:

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am