Ռուսաստանի պետդումայի պատգամավորներն, այսօր՝ ապրիլի 12-ին, առաջին ընթերցմամբ ընդունել են գեղարվեստական ստեղծագործություններում, ֆիլմերում, հրապարակային միջոցառումներում եւ լրատվամիջոցներում ոչ պարկեշտ արտահայտությունների օգտագործման համար տուգանքներ ենթադրող օրինագիծը:

Համապատասխան փոփոխություններ են առաջարկվել «ՌԴ պետական լեզվի մասին», «Լրատվամիջոցների մասին» եւ այլ օրենքներում:

Օրինագծին կողմ է քվեարկել 441 պատգամավոր, այնինչ բավարար էր 226 կողմ ձայնը: Օրինագիծն արգելում է հայհոյանքը գեղարվեստական ստեղծագործություններում եւ գրականության մեջ, լրատվամիջոցներում, աթատերական ներկայացումներում, ինչպես նաեւ զվարճալի միջոցառումների համար:

Օրինագծի համաձայն, հայհոյելու դեպքում իրավաբանական անձանց սպառնում է տուգանք 40-50 հազար ռուբլու չափով: Պաշտոնատար անձինք նման դեպքում ստիպված կլինեն վճարել 4-5 հազար ռուբլի, շարքային քաղաքացիները՝ 2-2,5 հազար ռուբլի:

Նշենք, որ օրինագծի հեղինակներն առաջարկում են վարձույթի իրավունք չտան այնպիսի ֆիլմերի, որտեղ անպարկեշտ խոսքեր կան, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պետդուման մարտի 19-ին հավանություն էր տվել մի օրինագծի, որով արգելվում են անպարկեշտ արտահայտությունները լրատվամիջոցներում: Վլադիմիր Պուտինը ստորագրել է այդ օրենքը, որը հասարակության շատ ներկայացուցիչներ անվանել են «լրատվամիջոցների մահապատիժ»: