Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 12-ին, ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում հարեւան Վրաստանի հետ ձեւավորված բարձր մակարդակի հարաբերությունները համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների պատմական հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում Մայա Փանջիկիձեն եւ Էդվարդ Նալբանդյանը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության, դրանց վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման եւ այդ ոլորտներում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:
Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով Սերժ Սարգսյանին եւս մեկ անգամ փոխանցել իր երկրի ղեկավարության շնորհավորանքն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ:




























