Այս իշխանությունն այնքան վատ է վճարում ոստիկաններին, որ նրանք ունակ չեն միս գնել եւ ուժ ունենալ, որպեսզի կոտրեն մարդու քիթը թեկուզ 4-րդ հարվածից: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ում ոստիկանները ծեծի էին ենթարկել ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում: (ֆոտոռեպորտաժ)

Միաժամանակ նա հավելել է, որ ստիպված իշխանություններին ծառայող մարդիկ, ցանկացած դեպքում չեն կարող ուժ ունենալ, քանի որ նրանց գործողությունները կրում են բացառապես հակաիրավականբնույթ:

Իր հերթին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին կատարվել է մինիմում ծրագիրը, ավելին, ժողովուրդը նույնիսկ գերակատարել է այդ ծրագիրը: «Այդ օրը հարթակում կանգնածները հասկանում էին, որ այդ օրը չենք կարող տապալել հակաժողովրդական ռեժիմը, քանի որ դրա համար պետք է 500 հազար մարդ, բայց մենք եկանք եւ գալու ենք՝ դնելով մեր անխուսափելի հաղթանակի հիմքը»,-ասել է Մակեյանը:

Իսկ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը թվարկել է ներկա ընդդիմադիր շարժման առավելությունները՝ համեմատելով այն 5 տարի առաջ եղած ընդդիմադիր շարժման հետ: «Ապրիլի 9-ին չեղան մարդկային զոհեր, չհայտնվեցին նոր քաղբանտարկյալներ, ոչ ոք չտուժեց բացի «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ»,-ասել է նա: