NEWS.am-ը ներկայացնում է «Armenian Mirror-Spectator»-ում հրապարակված Էդմոնդ Ազադյանի հոդվածը որոշակի կրճատումներով.
Թուրքիան խոշոր խաղացող է դարձել տարածաշրջանային քաղաքականության մեջ, եւ նրա արտաքին քաղաքականության ծավալը ներառում է ոչ միայն Մերձավոր Արեւելքն ու Կովկասը, այլեւ հասնում է անգամ Չինաստան: Թուրքիայի վարչապետը ոչ միայն պաղեստինյան հարցի ջատագով է` արաբական աշխարհին մոլորեցնելու նպատակով, այլ հանդես է գալիս որպես Չինաստանում ույգուրների իրավունքների ջերմեռանդ պաշտպան:
Կովկասում քաղաքական խաղատախտակի վրա Հայաստանն իր չափերով Թուրքիայի համար խնդիր չի ներկայացնում: Սակայն պատմությունը սպառնում է Թուրքիայի ռազմավարական պլանավորմանը: Մյուս գործոնը, որին ուշադրություն պետք է դարձնի Թուրքիան, ոչ թե Հայաստանի չափերն ու նրա ռազմական պոտենցիալն է, այլ նրա դաշինքները` տարածաշրջանում շարունակվող սառը պատերազմում:
Քանի որ Թուրքիան իր դաշնակիցների համար հուսալի գործընկեր չէ, նա պետք է նորից տարբեր խաբուսիկ քաղաքականություններ հորինի` իր դաշնակիցներին որոշ ժամանակ խաբելու համար` ամրապնդելով իր երկարատեւ պլանները: Այդ ստերից մեկը Իսրայելի ներողության հետ կապված խաղն էր:
Հայաստանը վերջին երկու տասնամյակների ընթացքում կրում է Թուրքիայի ստահոդ քաղաքականության ծանրությունը: Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը` Թուրքիան 1994 թ-ից փակ է պահում Հայաստանի հետ սահմանները եւ դրա համար պատիժ չի կրում:
Թուրքիան շարունակում է փորձության ենթարկել միջազգային հանրությանը նրանով, որ իբր ցանկանում է ստանձնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնությունը: Առաջին զավեշտը «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունն էր, որը, ինչպես պարզվեց, դատարկ հռետորաբանություն էր:
Թուրքիայի «բարի մտադրություններից» էր նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Հավատարիմ իր կեղծիքի քաղաքականությանը` Անկարան այդպես էլ չվավերացրեց դրանք, սակայն բավականին շահեց իր ստեղծած աղմուկից:
Ամենավերջին միջադեպը ծրագրված Երեւան-Վան չվերթի չեղյալ հայտարարումն էր: Թեեւ դա արտաքուստ դրական քայլ էր, սակայն Հայաստանի համար կասկածելի էր, ինչն առաջին հերթին պայմանավորված էր Թուրքիայի արեւելյան նահանգների մեկուսացմամբ:
Այս քայլը կարող է աննշան, եզակի ակտ թվալ, սակայն դա Հայաստանին խեղդելու ավելի լայն քաղաքականության խորհրդանշական արտահայտությունն է:




























