Երեւանի ավագանու ընտրությունների կարեւորությունը այն է, որ ֆորմալ իմաստով դրանք տեղական նշանակության ընտրություններ են, սակայն, ըստ էության, նաեւ համապետական: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՀԱԿ հիմնադիր համագումարին ասաց ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ  Վահագն Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ Երեւանը երկրի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնն է, եւ ազատագրվելով Երեւանը իշխող ռեժիմից՝  կքանդեն նրա քաղաքական մենաշնորհը, նրա հիմքերը կթուլացնեն, եւ հաղթելով Երեւանում  ճանապարհ կբացեն հանրապետությունում իշխանությունը տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելուհամար:  «Սա հերթական հնարավորությունն է  երկրում իրավիճակը փոխելու համար, մենք  իրավունք չուեննք չօգտվելու դրանից, մենք պարտավոր ենք իշխանությունը վերադարձնել ժողովրդին եւ դա անելու ենք մայիսի 5-ին»,- ասաց նա: 

«Շատ, ծանր դժվար, բայց ճիշտ ճանապարհ ենք անցել: Նոր ազատական կուսակցության հիմնադիր համագումարն է, կուսակցությունը եւ հին է, եւ նոր է, սա էլ է ՀԱԿ-ի առանձնահատկություններից մեկը, կուսակցությունը, հարազատ մնալով ազատականությանը, այսօր էլ պատրաստ է շարունալել պայքարը գաղափարների համար»,- ասել է Վահագն Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ գործող իշխանությունները կապիտալիզմի անվան տակ այնպիսի շուկայական տնտեսություն ստեղծեցին, որը ոչ մի առնչություն չունի կապիտալիզմի հետ: «Հայաստանում տիրապետում է շուկայական տնտեսությունը, բայց իրավական կարգուկանոն չկա,  հնարավոր չէ պաշտպանել ոչ արդարությունը, ոչ ազատությունը, ոչ էլ մարդու  կյանքը:  Հայաստանի քաղաքական համակարագը կապիտալիզմի անվան հետ ոչ մի առնչություն չի կարող ունենալ»,- ասաց նա:

Երեւանի նախկին քաղաքապետը շեշտեց, որ Հայաստանում տնտեսական խնդիրների պատճառները քաղաքական դաշտում են, հետեւաբար նա առաջարկում է փոխել ընտրական համակարգը, ստեղծել հավասար մրցակցային դաշտ կուսակցությունների համար,  պետական ապարատը ապակուսակցականացնել, նոր դեմոկրատական փոփոխություններ կատարել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am