«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր` արիլի 13-ին, շաբաթօրյակ է կազմակերպել Երեւանի հյուսիսային Նոր Նորք վարչական շրջանում: Շաբաթօրյակի շրջանակում մաքրվել է Սուրբ Սարգիս եկեղեցուն կից հրապարակը:

Միջոցառմանը մասնակցել են ԲՀԿ ակտիվիստները, նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգմավոր Էլինար Վարդանյանը, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Շաբաթօրյակի մասնակիցները տարածքը մաքրել են աղբից եւ տնկել են արծաթե, կանադական եւ հայկական բարդիների մոտ 80 տունկ:

«Եկեղեցին շատ գեղեցիկ է, ափսոս որ նրան հարող տարածքն անմխիթար վիճակում է: Դրա համար որոշել էնք սկսել այստեղից»,- լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը` հաղորդելով, որ կուսակցությունն ունի նմանատիպ այլ ծրագրեր եւս: «Մեկ ժամվա մեջ խնդիրները լուծել չի ստացվի, քանի որ քաղաքի ոչ կենտրոնական շրջանները վատ վիճակում են գտնվում: Բայց Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման շատ լուրջ ծրագիր ունենք, եւ ժողովրդի կողմից վստահության դեպքում մենք հետեւողականորեն կիրականացնենք այն»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` այսօր տնկված տնկիների պահպանման եւ ջրելու համար պատասխանատու են տվյալ շրջանի ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչները: