Շենգավիթ վարչական շրջանում բակային հանդիպման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանին ներկայացրեցին որպես Երեւանի ապագա քաղաքապետ: Նա իր ելույթում նշեց, որ Շենգավիթում ծնվել ու մեծացել,  ապրել է 3-րդ մասում ու տարածքին շատ լավ ծանոթ է:

«Ես կարծում եմ, որ մենք, թե  այստեղ, թե Երեւան քաղաքի մյուս շրջաններում շատ անելիքներ ունենք: Ինչպես մյուս վարչական շրջաններում, այնպես էլ Շենգավիթում պետք է այնպես լինի, որ  լինեն նախարարություններ եւ գերատեսչություններ, որ մարդիկ աշխատատեղեր ունենան»,- ասաց Արմեն Երիցյանը: Նա խոստացավ, որ իր ընտրվելու դեպքում առաջին հերթին մարդկանց մտածելակերպն է փոխելու: «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք են տերը Երեւանի,  որ բոլոր խնդիրները ինքը պետք է լուծի  եւ ղեկավարությունն այդ ամենին պետք է աջակցի»,- նշեց Արմեն Երիցյանը:

Վարչական շրջանի ղեկավարները, նրա փոխանցմամբ, պետք է եռամսյակը մեկ հանդիպեն քաղաքապետի հետ եւ ասեն, թե ինչ կա բյուջեում եւ ինչ գումարներ են կուտակվել եւ ուր են գնալու: Թաղապետերն էլ իրենց ամենօրյա աշխատանքով պետք է մշտապես լինեն ժողովրդի հետ եւ ժողովրդի դարդով, ցավով ապրեն: «Հիմա տեսնում եք Երեւանի կենտրոնում էլիտար շենքեր են կառուցել, որոնք դատարկ են: Շենգավիթում ես  չեմ տեսնում էլիտար շենքեր: Մյուս վարչական շրջաններում եւս պետք է  շենքեր կառուցենք եւ քառակուսի մետրը լինի, ոչ թե  800-1000 դոլար, այլ էժան եւ 30 տոկոս կանխավճարը չլինի: Վարկերն էլ պետք է էժան եւ երկարաժամկետ լինեն»,- նկատեց քաղաքապետի թեկնածուն:  Իսկ ծրագրերը, ըստ նրա պետք է, ոչ թե ի ծնե մեռած լինեն, այլ պետք  է դրանք կյանքի կոչել: Հերթական անգամ հիշեցնելով, որ բոլոր ծրագրերը լավն են, բայց կարեւորը, ոչ թե ծրագրի բովանդակությունն է, այլ այն կյանքի կոչելը: «Ես որպես 3-րդ մասցի, շենգավիթցի ասում եմ, որ ես դա կարող եմ անել եւ դա կանենք մենք միասին»,- ավելացրեց Արմեն Երիցյանը: