Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ ապրիլի 13-ին, ՀԱԿ համագումարի ժամանակ անդրադարձել է «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը եւ դրան չմիանալու հետ կապված իրենց հնչեցվող մեղադրանքներին:
Նա նախեւառաջ նշել է, որ չէր ցանկանա Րաֆֆի Հովհաննիսյանի մասին ոչ մի բացասական, հեգնական գնահատական տալ, «չի կարելի, երբ մեկը բարիկանդների վրա է, նրան չի կարելի այսպիսի դիտողություններ անել»: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ երբ իրենց ասում են, թե ինչու չեն միանում, ինքը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն էր, որը հրապարակավ հայտարարել է, որ նախագահական ընտրություններին հաղթել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Արտահայտվել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը, «սա ամենամեծ աջակցությունն է, որ մի ընդդիմադիր կուսակցություն կարող է ասել մեկ այլ կուսակցությանը»:
Երկրորդ բանը, որ հիշեցրել է առաջին նախագահը, այն է, որ իրենց ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել է հրապարակում, հրապարակի կեսը միշտ եղել է Կոնգրեսի աջակիցները, համակիրները: Մյուս հարցին, թե ինչու ՀԱԿ-ի ղեկավարությունը չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, չեկավ հարթակ, նա հետաքրքիր պատասխան տվեց. «Այստեղ կներեք, շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանը, միանայի, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք, ուզում եք հավատացեք կամ մի հավատացեք, իմ մանկության երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ մոմ վառելը»:
Երբ դահլիճը ակտիվացավ այս հայտարարությունից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ «հիմա մի քիչ ավելի լուրջ, մենք քաղաքական կուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք եւ մենք միանում, աջակցում, սատարում ենք բացառապես քաղաքական պրոցեսներին, կլինի քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք, չի լինի, մենք այնտեղ չկանք»: «Ետընտրական շրջանի իրադարձություններում տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսներից, «Ժառանգության» հետ պատրաստ ենք համագործակցել, քաղաքական պրոցես են ընտրությունները, խնդրեմ, եկեք, միանանք»,- ասաց նա՝ շեշտելով, որ հավակաություն չունեին քաղաքապետ դառնալու, պատրաստ էին ամբողջ ուժերը ներդնել, բայց չուզեցին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ ինքը մեղավորներ չի փնտրում, պարզապես փաստերն է արձանագրում: Նա ասաց, որ դեռ հնարավորություն կա միասնական քաղաքական պրոցես տանելու առանց դեմագոգիայի, կշտամբանքների,ակնարկների, կարելի է միասնական մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք վերահսկել այս ընտրությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որեթե ավագանու ըտրությունները ցավոտ պարտություն լինի իշխանության համար, դա կլինի նրա կործանումը: «Հիշեք, եթե մեկը նախագահ է ուզում դառնալ, դրա լավագույն ճանապարհը ավագանու ընտրություններն են: Նախագահ դառնալու ճանապարհը Երեւանի ավագանում հաղթանակ տանելն է, դե եկեք տարեք այդ հաղթանակը»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրենք պայքարը ոչ թե անձերի դեմ է, այլ համակարգի: Առաջին նախագահն ասաց, որ Տարոն Մարգարյանը իր համար անձ չէ, այլ համակարգի մի խամաճիկ, ով էլ նշանակվի համակարգի կողմից, Տարոնից լավը չի լինելու, հետեւաբար՝ պայքարում ենք ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ»:




























