Բելառուսի իրավապահ մարմինները Մոգիլեւում ձերբակալել են «ԲելՄուզ-TV»  հեռուստաալիքի աշխատակցին`հեռուստաաալիքով պոռնոհոլովակ ցուցադրելու կասկածանքով: Կասկածյալը ձերբակալվել է Մոգիլեւում եւ տեղափոխվել Մինսկ, ներկա պահին նրան հարցաքննում են:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Զապադ»-ը, հանցագործություն կատարելու կասկածանքով տվյալ աշխատակցի հանդեպ հարուցվել է քրեական  գործ` Բելառուսի Քրեական օրենսգրքի 2-րդ մասի 343-րդ հոդվածի (Ընդհանուր օգտագործման էլեկտրոկապի ցանցի միջոցով պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի հանրային հեռարձակում) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին բելառուսական երաժշտական ալիքը ցերեկային ժամին ցուցադրել է պոռնոֆիլմի մի հատված: Տեղի ունեցածի մասին տեղեկությունները տարածվել են սոցկայքերում: Հոլովակը ցուցադրվել է մոտ տասը րոպե: Որոշ համացանցային բաժանորդներ հաղորդել են, որ դրանից առաջ  «ԲելՄուզ-TV»-ի եթերով ցուցադրվել են «Լյապիս Տրուբեցկի» խմբի տեսանյութերը, որը` համաձայն ոչ պաշտոնական տեղեկությունների, ընդգրկված է հանրապետության իշխանությունների կողմից կազմված երաժիշտների սեւ ցուցակի մեջ: