Հայաստանում 2013թ. առաջին եռամսյակում զգալի աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված ժամանակահատվածում գրանցվել են սեփականության դեմ ուղղված 1624  հանցագործություններ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1501 հանցագործության դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում պետական կամ հանրային գույքի հափշտակությունները կազմել են 45 դեպք` նախորդ տարվա 61  դեպքի դիմաց: Ավազակության եւ կողոպուտի դեպքեր չեն գրանցվել, եղել է պետական կամ հանրային գույքի գողության 38 (2012-ի առաջին եռամսյակում` 44 ), խարդախության` 2 (2012-ին` 4), յուրացման կամ վատնման` 5 (2012-ին` 13 դեպք):

Անձնական գույքի հափշտակությունների մասով աճը զգալի է: 2013թ. առաջին եռամսյակում գրանցվել է 1490 դեպք` նախորդ տարվա 1343-ի դիմաց: Գրանցվել է ավազակության 21 ((2012-ի առաջին եռամսյակում` 18 դեպք), կողոպուտի` 39 (2012-ին` 43 ), գողության` 1227 (2012-ին` 1079 ), դրանցից` բնակարանային` 372 (2012-ին` 192), խարդախության` 180 (2012-ին` 176 ), յուրացման կամ վատնման` 23 (2012-ին` 27), տրանսպորտային միջոցները փախցնելու` 17 (2012-ին` 11  դեպք):

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է սեփականության դեմ ուղղված 72այլ հանցագործություն` նախորդ տարվա 86-ի դիմաց:

Երեւանում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 995 հանցագործություն` նախորդ տարվա 987-ի դիմաց:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նշված ժամանակահատվածում ընդհանուր հանցագործությունների թիվը կազմել է 4322` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3968-ի դիմաց: