Հայաստանում 2013թ. առաջին եռամսյակում գրեթե կրկնակի աճել են տնտեսական հանցագործությունները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված ժամանակահատվածում գրանցվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված 385 հանցագործություններ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 217  դեպքի դիմաց:

Այդ թվում գրանցվել են կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 77 դեպք` նախորդ տարվա 20-ի դիմաց:

Գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 308 այլ հանցագործություն` նախորդ տարվա 197-ի դիմաց: Երեւանում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 300 հանցագործություն` նախորդ տարվա 153-ի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում պետական իշխանության, պետական ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 30 դեպքով, 646 դեպք` 2013-ին, 616 դեպք` 2012-ին:

Այս տարի գրանցվել է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության 1 փորձ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը նվազել են` 10 դեպք նախորդ տարվա 19-ի դիմաց: Կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերը միայն 5-ն են` նախորդ տարվա 21-ի դիմաց:

Գրանցվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 8 դեպք (2012-ի հաշվետու ժամանակահատվածում` 9 դեպք), պետական իշխանության, պետական ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 622` նախորդ տարվա 567-ի դիմաց: Երեւանում պետական իշխանության, պետական ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են երկու դեպքով` 263 դեպք` նախորդ տարվա 265-ի դիմաց:

2013թ. առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն 207 հանցագործություն, որից Երեւանում` 142 դեպք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 125 դեպք, որից 61-ը` Երեւանում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նշված ժամանակահատվածում ընդհանուր հանցագործությունների թիվը կազմել է 4322` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3968-ի դիմաց: