Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում ապրիլի 14-ին, ժամը 21.31-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխված 5 ուղեւորներից 2-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից:

Նրանց փոխանցմամբ` Ա.Յակովլեւը եւ Խաչիկ Միքայելյանը դուրս են գրվել, իսկ հիվանդանոցում դեռեւս գտնվում են  Մ.Հովհաննիսյանը եւ ուղեւորներ 27-ամյա Մերի Հովհաննիսյանը, 52-ամյա Ջուլիետա Հովեյանը:

Երեքի առողջական վիճակը, բժշկի գնահատմամբ, բավարար է: Մանուկ Հովհաննիսյանը կոտրվածքներ ունի, իսկ Մերի Հովհաննիսյանը եւ 52-ամյա Ջուլիետա Հովեյանը ցավեր ունեն, բայց հնարավոր է այսօր էլ դուրս գրվեն հիվանդանոցից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, ժամը 21.31-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել էր, որ դեռեւս չպարզված հանգամանքներում են բախվել «Տոյոտա» մակնիշի 34 TO 247 համարանիշի (վարորդ՝  25-ամյա Ալեքսանդր Յակովլեւ) եւ «ԲՄՎ» մակնիշի 34 SD 304 համարանիշի (վարորդ՝ 33-ամյա Մանուկ Հովհաննիսյան) ավտոմեքենաները: Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ. Հովհաննիսյանին: