Երեւանում Մոսկվայի տանը տեղի կունենա հայ ռեժիսոր-բեմադրիչ եւ գեղանկարիչ Արմեն Ռոնովի ստեղծագործական երեկոն: Հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 18:00-ին, տեղի կունենա գեղանկարիչ Ռոնովի գեղարվեստական-պոետիկ նկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են անտիկ առասպելների հերոսները:

Ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ կներկայացվեն հեղինակի գրաֆիկական աշխատանքները, այդ թվում «Հայ աստվածածնի սրբապատկերը»:

Ցուցահանդեսի ժամանակ տեղի կունենա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի էքսկլյուզիվ դիմանկարի շնորհանդեսը եւ այն անձամբ առաջին տիկնոջը հանձնելու արարողությունը:

Երեւանում «Մոսկվայի տան» PR ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը NEWS.am-ին հայտնել է, որ երեկոյի ժամանակ տեղի կունենա նաեւ Ռոնովի «Ձմեռային խնձոր» ֆիլմի պրեմիերան՝ նկարահանված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով:

Սա Հայաստանում նկարահանված առաջին տրինիտար-վիրտուալ ֆիլմն է՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Ֆիլմի վրա աշխատանքը տեւել է 4 տարի, որը նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության եւ Ազգային կինոկենտրոնի գլխավորությամբ:

Բանաստեղծությունները կարդում է Սերգեյ Յուրսկին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Տաթեւ Մելքոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Վլադիմիր Մսրյանը, Սերգեյ Յուրսկին, Արման Աբովյանը, Դավիթ Աբովյանը, Աբդուլլահ Դեմիրբաշը: