Սպառողների վստահության ինդեքսը 2013 թ. առաջին եռամսյակում կազմել է 44%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինդեքսը նվազել է 3.3 տոկոսային կետով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ` 1.6 տոկոսային կետով: Վերջին 2 տարում սա սպառողական վստահության ինդեքսի ամենացածր մակարդակն է:

Սպառողների վստահության ինդեքսն իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանական փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային):

Ընթացիկ պայմանների ինդեքսը 35.4 % է, իսկ դա նշանակում է, որ հարցվածների մեծ մասը դեռեւս դրական չեն գնահատում իրենց ներկա վիճակը: Հիմնական անկումը գրանցվել է հենց ընթացիկ պայմանների ինդեքսի մասով` նախորդ եռամսյակի համեմատ 4 տոկոսային կետ:

Ապագա պայմանների ինդեքսը 52.6% է, ինչը վկայում է ապագայի հանդեպ մարդկանց լավատեսության մասին: Ապագա պայմանների ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ նույնիսկ աճել է 0.9 տոկոսային կետով:

Հարցվածների կեսից ավելին (50.6%) խոստովանել է, որ 2013 թ. առաջին եռամսյակում խոշոր գնում է կատարել, իսկ 55.1%-ը պատրաստվում է խոշոր գնում կատարել ապագայում: