Ռուսաստանի Վլադիմիրսկի մարզում վթարի հետեւանքով զոհված ՀՀ 5 քաղաքացիների ընտանիքներին սոցիալական աջակցություն կցուցաբերվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` հանձնարական է տրված մարզպետարանների ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին` ուսումնասիրելու այդ ընտանիքների կարգավիճակը: Եթե պարզվի, որ այդ ընտանիքներում երեխաները միակողմանի կամ երկկողմանի առանց ծնողական խնամքի են մնացել, նրանց պետք է նշանակվի կերակրողին կորցնելու կենսաթոշակ, ինչպես նաեւ նպաստ այդ ընտանիքներին: Նախարարության փոխանցմամբ` այդ ընտանիքներին սոցիալական աջակցության այլ ձեւեր եւս կցուցաբերվեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա: Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պատահարի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը եւ Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան եւս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր եւ 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները: Նրանք բոլորն ապրում էին վատ պայմաններում եւ մեկնում էին Ռուսաստանի Իվանովի շրջան` շինարարությունում աշխատելու նպատակով:




























