Սոցցանցերում, մասնավորապես Facebook-ում սկսել է կրկին տարածվել մի հին անեկդոտ, թե ինչպես են հայը քուրդը եւ թուրքը սալոր գողանալու համար մտնում մի թուրքի այգի։

Հայը, քուրդը եւ թուրքը միասին մտնում են մի թուրքի  այգի, սակայն բռնվում են տանտիրոջ կողմից։ Թուրք տանտերը հային ասում է, թե «Այն երկուսը մուսուլման են, իսկ դու նույնիսկ մուսուլման չես, այդ ինչպե՞ս ես համարձակվել մտնել այգի» եւ ծեծում է հային։

Այնուհետ քրդին ասում է. «Դու մուսուլման ես, սակայն թուրք չես, ի՞նչ իրավունքով ես մտել իմ այգին»։  Տանտերը քրդին ծեծում եւ այգուց դուրս է վռնդում։  Երբ հերթը հասնում է թուրքին, տանտերն ասում է. «Դու այդ ի՞նչ թուրք ես, որ հայի եւ քրդի հետ գալիս ես իմ այգին գողություն անելու»։ Տանտերը թուրքին էլ է ծեծում եւ վռնդում այգուց։

Այնուհետեւ թուրք տանտիրոջից ծեծ կերած երեք ընկերներով քննարկում են, թե ինչպես եղավ, որ մի մարդ իրենց երեքին միայնակ ծեծեց։ Այդ ընթացքում թուրքը շրջվում է քրդի կողմն ու ասում. «Հենց սկզբից չպետք է թողնեինք, որ հային ծեծեր»։