Կառավարությունը մոտավորապես 120 միլիոն է տրամադրելու Գյումրիում դիահերձարան կառուցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ հավելելով, որ դրանից հետո հնարավոր է Ախուրյանի տարածաշրջանում էլ նոր դիահերձարան կառուցվի:

Նրա խոսքով՝ իրենք հետեւողական են լինելու, որ բոլոր մարզերում էլ կառուցվեն եւ վերակառուցվեն դիահերձարանները: Գյումրիում, ըստ Մարգարյանի, որպես երկրորդ քաղաք կառուցվելու է նաեւ լաբորատորիա:

«Գյումրիի մասով առաջարկվում է երկու տարբեր տարածք, սակայն ամենահարմարը երկաթգծի մարզային հիվանդանոցի տարածքն է, որտեղ հնում դիահերձարան է գործել: Դա, հավանաբար, ամենաօպտիմալ լուծումը կլինի: Մենք կողմ ենք, որ ծայրամասում լինի: Այդտեղ կլինի նաեւ մասնաշենք, որտեղ սգո պարագաներ կվաճառեն»,-  տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը: Նրա փոխանցմամբ՝ ներկա պահին  ինչ հնարավոր է, արվում է դիակների անվտանգությունը պահպանելու համար: «Հիմա առնետներ չկան: Այս պահի դրությամբ Գյումրիում դիակները վտանգված չեն եւ գտնվում են ուշադրության կենտրոնում: Հանդիպել եմ նաեւ Գյումրիի դիահերձարանի տնօրենի հետ եւ մեծ հետեւողականությամբ ամեն ինչ անում են, որ օր-օրի խնդիրը դրական լուծում գտնի»,- ավելացրեց Հովհաննես Մարագարյանը, նշելով, որ ներկա պահին նախագծային, նախահաշվարկային աշխատանքներ կան եւ հույս հայտնեց, որ հաջորդ ամիս աշխատանքները կվերսկսեն:

«Բայց անկախ ամեն ինչից, ինձ թվում է եւ ես եւ դուք հետեւողական կլինենք այս հարցում», - ասաց Հովհաննես Մարգարյանը: