22-ամյա  Նարեկ Գյոզալյանն ու եւ 20-ամյա Ռոբերտ Անանյանն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել են սեռը փոխած Վահե Ս.-ի հետ, ով ներկայացել է որպես աղջիկ` «Բարբի Նիկա» անունով: Պայմանավորվածության համաձայն գնացել են նրա տուն, սակայն սեռական հարաբերություն ունենալու փոխարեն թալանել են նրան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա  Նարեկ Գյոզալյանին  եւ 20-ամյա Ռոբերտ Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2012թ-ին նախնական համաձայնության գալով ավազակությամբ հափշտակել են Վահե Ս.-ի խոշոր չափի` 800 հազար ՀՀ դրամ գումարը: Այսպես. Նարեկ Գյոզալյանը 2012-ին իր ընկեր Ռոբերտ Անանյանի հետ զրուցելու ընթացքում տեղեկանալով, որ վերջինս ճանաչում է սեռական կողմնորոշումը փոխած` Երեւանի բնակիչ Վահե Ս.-ին, ով բնակվում է միայնակ եւ գումարով սեռական հարաբերություններ է ունենում, նպատակադրվել են հափշտակել նրա գումարները:

Դատական քննության ընթացքում Ռոբերտ Անանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել այն մասին, որ 2012-ի հոկտեմբերի 18-ից մոտ երկու ամիս առաջ ինքն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Վահե Ս.-ի հետ, ով ներկայացել է որպես աղջիկ` «Բարբի Նիկա» անունով եւ գումարով սեռական հարաբերություններ է ունենում: 2012 թվականի հոկտեմբերի սկզբներին ինքը հանդիպել է Նարեկ Գյոզալյանի հետ, ով եկել էր ՌԴ-ից:

2012-ի հոկտեմբերի 18-ին ինքն ու Նարեկը որոշել են գնալ ուրախանալու եւ գումարով սեռական հարաբերություններ ունենալ ինչ-որ աղջկա հետ եւ իրենք որոշել են զանգահարել Նիկային, ում Ռոբերտը մեկ անգամ արդեն տեսել է, 40 հազար դրամ է տվել սեռական հարաբերություն ունենալու դիմաց, սակայն Նիկային զանգ է եկել եւ նա չի սպասարկել: Իսկ գումարը մնացել է Նիկայի մոտ:

Այս անգամ իրենք զանգահարել են Նիկային եւ պայմանավորվել են երկուսով գնալ նրա մոտ: Նիկայի տանը մի քանի րոպե զրուցելուց հետո Նարեկը նրան առաջարկել է եւս 40 հազար ՀՀ դրամ, որովհետեւ ինքը մինչ այդ 40 հազար ՀՀ դրամ վճարել էր նրան:

Տղաները սեղանին շշեր ու բաժակներ են տեսել եւ ասել, որ Նիկան գտնվել է ոչ սթափ վիճակում եւ իրենք չեն ուզում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ՝ պահանջելով իրենց գումարը: Նրանց միջեւ վեճ է ծագել, քանի որ Նիկան իրենց ասել է, որ գումար չունի, որպեսզի իրենց հետ վերադարձնի ու պահանջել է, որ նրանք հեռանան:

Հարկ է նկատել, որ նրանք տարբեր ցուցմունքներ են տվել: Օրինակ ցուցմունքներից մեկի ընթացքում Ռոբերտը ասել է, որ Նիկայի ձայնը տղամարդու ձայնի է նման եղել, սակայն կրծքերը կանացի են եղել, մազերը` նույնպես: Խոսակցության ընթացքում Նիկան սկսել է պատմել նրա կյանքի մասին, ասել է, որ ինքը տղա է եղել, սակայն դպրոցական տարիներին բոլորն իմացել են, որ աղջիկ է, անձնագրով նրա անունը Նիկիտա է, սովորել է Պուշկինի անվան դպրոցում, ծնողներ չունի, իսկ տատը բնակվում է Ֆրանսիայում եւ հազվադեպ է Հայաստան գալիս: Նա նաեւ ասել է, որ մեկնել է արտասահման, փոխել սեռը: Նա ասել է, որ վիրահատությունը նոր է կատարել, սեռական օրգաններին ձեռք տալ չի կարելի եւ առաջարկել է զբաղվել «այլընտրանքային» սեքսով, ինչին Ռոբերտը չի համաձայնել եւ հետ է պահանջել գումարը: Քննելով գործը դատարանը վճռել է  Նարեկ Գյոզալյանին  եւ  Ռոբերտ Անանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6  տարի ժամկետով: