Ապրիլի 11-13-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի խորհրդարանական պատվիրակները մասնակցել են ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների եւ խորհրդի նիստերին, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների եւ խորհրդի նիստերին, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական հեռանկար» եւ «Խորհրդարանական կազմակերպությունների դերը Եվրոպայի կազմավորման մեջ` առանց բաժանարար գծերի» թեմաներով հրավիրված միջազգային ֆորումներին:

Ռուսաստանի դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի կողմից նախաձեռնած «Եվրասիական տնտեսական հեռանկար» թեմայով ֆորումի պլենար նիստում, որը հրավիրվել է Սանկտ- Պետերբուրգի Տնտեսագիտական համալսարանի դահլիճում, Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով եվրասիական տնտեսության ինտեգրացիոն գործընթացները, իր ելույթում մասնավորապես նշել է.

«Այսօր մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ համաշխարհային տնտեսության մեջ բարձրանում է ռեգիոնալ կառույցների դերը եւ ինտեգրացիոն տենդենցները բավականին ակտիվանում են: Մենք համարում ենք, որ ինտեգրացիայի խորացումը սահման չունի եւ դա մի գործընթաց է, որը պետք է անընդհատ կատարելագործվի»: Իր ելույթում Հերմինե Նաղդալյանն ընդգծել է այն հանգամանքը, որ ազատ առեւտրի գոտու մասնակցության իմաստով` Հայաստանը եղել է առավել ակտիվներից մեկը եւ առանց բացառության միշտ կողմնակից է եղել ինտեգրացիոն երեւույթներին. «Մենք խորապես շահագրգիռ ենք, որպեսզի համագործակցություն ունենանք տարբեր կառույցների հետ, այդ համագործակցությունը լինի փոխշահավետ, եւ չլինեն հակամարտություններ, հակադրություններ կամ բաժանարար գծեր»,-նշել է Նաղդալյանն` ընդգծելով, որ այսօր եվրասիական գաղափարների իմաստավորման անհրաժեշտություն կա հատկապես համաշխարհային գիտական հանրության կողմից մշակված ռեգիոնալ ինտեգրացիայի տեսության եւ դրա ձեւերի պրակտիկ կիրառման հիման վրա: Իսկ նման տարբերակներն, ըստ նրա, բավական շատ են, եւ ռեգիոնալ համագործակցության նման ձեւերը բոլորովին չեն սահմանափակվում ընդամենը այսպես ասած` սեւ-սպիտակի, մասնակցել-չմասնակցել կամ միանալ-չմիանալու տրամաբանության մեջ: Տարբեր երկրների համար օգտագործվում են համագործակցության տարբեր ֆորմատներ, սխեմաներ եւ դրանք կախված են այդ համագործակցող երկրների տնտեսության կառուցվածքից, համադրելի առավելություններից եւ շահագրգռություններից:

Գնահատելով եւ կարեւորելով Ռուսաստանի դաշնության հետ ունեցած ռազմավարական եւ դաշնակցային լուրջ հարաբերությունները, այդ թվում նաեւ` առկա մեծ ապրանքաշրջանառությունը, Հերմինե Նաղդալյանն իր ելույթում բնական է համարել նաեւ ձգտումը` օգտագործելու նոր ինտեգրացիոն գործընթացները` ի թիվս դրանց հիշատակելով Եվրամիության հետ ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները, ինչպես նաեւ շահագրգռությունը` ներգրավվելու Եվրազեսի եւ ԱՊՀ երկրների հետ ինտեգրացիոն գործընթացներին.

«Ինչպես մեր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է նշել իր հարցազրույցներից մեկում` սա չի նշանակում, որ ավարտվում է մեկ ինտեգրացիոն գործընթաց եւ սկսվում նորը, այլ սկսվում է աշխատանքը: Այստեղ նաեւ շատ կարեւոր է եւս մեկ միտք, որն արտահայտել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը`ով ասել է, որ ինտեգրացիոն պրոցեսները Եվրոպայի միության եւ եվրասիական միության հետ իրար չի կարելի հակադրել, քանզի դրանք ոչ թե հակադրվող պրոցեսներ են, այլ պետք է դիտարկել որպես միմյանց փոխլրացնող գործընթացներ: Հայաստանի Հանրապետությունը հենց այդպիսի մոտեցում է որդեգրել», - նշել է Նաղդալյանն` ավելացնելով, որ բոլոր այն տեղերում, որտեղ մեր երկիրը համագործակցության համար հնարավորություններ է տեսնում, ոչ միայն ակտիվ մասնակցում է, այլեւ մաքսիմալ ինտեգրվում: Այդպես է եղել ինչպես հակաճգնաժամային, ինովացիոն ֆոնդերի ստեղծման ժամանակ, այնպես էլ, երբ քննարկվեց ու ստորագրվեց ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է նաեւ որ ֆորումի ընթացքում հրավիրվել էին մի շարք կլոր-սեղաններ` առանց սահմանների ու խոչընդոտների էֆեկտիվ բիզնեսի վարման, Եվրասիական տնտեսական միության միջազգային իրավական համակարգի եւ քաղաքական կարեւոր թեմաների շուրջ, եւ քանի որ տնտեսական կազմավորումներին մասնակցելու գայթակղությունը բավականին մեծ է, հատկապես Հայաստանի համար` ելնելով տնտեսական իրավիճակից ու խնդիրներից, որոնք առկա են մեր երկրում, ուստի հայկական պատվիրակությունը բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ֆորումի աշխատանքներին, որոնց մասնակցել են պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը:

 «Սա շատ կարեւոր տնտեսական ֆորում էր, որին մեր մասնակցությունը կարեւորվեց թե մասնակիցների, թե կազմակերպիչների կողմից» ,-նշել է Հերմինե Նաղդալյանը:

Հաջորդ օրը` ապրիլի 12-ին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժովի հետ համատեղ հրավիրած` «Խորհրդարանական կազմակերպությունների դերը Եվրոպայի կազմավորման մեջ` առանց բաժանարար գծերի» թեմայով միջազգային կոնֆերանսում, որը համատեղ կարգով վարել են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, Հերմինե Նաղդալյանն իր ելույթում բարձրացրել է մի շարք քաղաքական շեշտադրումներ`մասնավորապես նշելով, որ Եվրոպան տասնամյակներ է անցել, մինչեւ հասել է համաձայնության, վերացրել է բաժանարար գծերը եւ վստահության մեխանիզմներ է ստեղծել` միայն այն բանի շնորհիվ, որ կարողացել է շրջել անցյալի էջերը եւ ունեցել է քաջություն ու խոհեմություն`ընդունելու իրենց սխալները: «Մինչդեռ, բոլորիս համար մինչ օրս զարմանալի է եւ բացարձակ անընդունելի, որ դեռեւս կան ուժեր եւ երկրներ, որոնք պատմությունը դիտարկում են այնպիսի ռակուրսում, որն իր հետեւից բերում է անհանդուրժողականություն, ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակում, էլ չենք խոսում ուժային ագրեսիայի մասին»,- նշել է Նաղդալյանը` հիշեցնելով, որ խորհրդարանականներին այսօր հատուկ դեր է վերապահվում` օգտագործելու իրենց տրամադրության տակ գտնվող գործիքներն ու անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու, որպեսզի կանխվեն քաղաքական մեկուսացման ակտերն ու ազգային կրքերի հրահրումը:

Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ` բավական կոռեկտ է եղել Ադրբեջանի փոխխոսնակի ելույթը, ով ներկայացրել է իրենից հետո`ընդամենը թեթեւ ակնարկ հղելով առ այն, որ Ադրբեջանի հանրապետությունը 90-ականների սկզբին մի քանի ուղղություններով փլուզվել է, այդ թվում թալիշ-մուhանական հանրապետության ստեղծողների կողմից, եւ որ հյուսիսում եւս խնդիր են ունեցել` առանց հնչեցնելու կոնկրետ անուններ:

 Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ստեղծվել է ինֆորմացիոն – անալիտիկ մի կենտրոն, որը կոչվում է «Հիշենք բոլորին անուն առ անուն»: Այդ կենտրոնը զբաղվում է Հայրենական մեծ պատերազմում զոհերի, անհայտ կորածների մասին ինֆորմացիայի հայթայթմամբ, նրանց գերեզմանների, հուշարձանների խնամքով: Այս առումով, տիկին Նաղդալյանը նկատել է, որ իրենք բավական ինֆորմացիա ունեն նաեւ այն հայ մարդկանց մասին, ովքեր մասնակցել են Լենինգրադի ազատագրմանը, բլոկադային, ովքեր զոհվել են այդ մատույցներում, եւ նման ինֆորմացիան մեզ տրամադրելով` բավականին դյուրացնում են մեր վետերանական միությունների աշխատանքը` այդ տեղեկատվությունը տարածելու առումով: