Հայաստանում կտրուկ նվազել է սփրեդի իրացումը: Այդ մասին են վկայում տնտեսվարողների շրջանում անցկացված հարցումները: Հայաստանում տարեկան սպառվում է 5.5 հազ. Տոննա կարագ, որի գրեթե ամբողջը ներկրվում է: Սփերդի արտադրությունն ընդլայնելու շնորհիվ Հայաստանը կարող է զգալի նվազեցնել կարագի ներկրումը, առավելեւս, որ կարագի ներկրման ոլորտում որոշակի մենաշնորհացում է նկատվում:
Սպառողների մոտ սփրեդի նկատմամբ առաջացած անվստահության պատճառը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի քանի վարույթներն են՝ կարագի անվան տակ սփրեդի իրացման դեպքերի փաստով:
Մեծամասամբ այդ դեպքերը հետեւանք էին տեխնիկական կանոնակարգերում առկա անորոշության՝ Հայաստանում սփրեդը թարգմանվել է, որպես ճարպային էմուլսիա, որն իր մեջ ներառում է եւ կարագը, եւ մարգարինը, եւ սփրեդը: Սրա հետեւանքով էլ առաջացել էր անվանումների հետ կապված խառնաշփոթը, ինչի համար մի շարք տնտեսվարողներ տուգանվեցին:
Սակայն սփրեդ արտադրողների հիմնական վնասներն ի հայտ եկան հետո, երբ սփրեդի իրացումը կտրուկ նվազեց: Ցավոք՝ ՏՄՊՊՀ վարույթն ուղեկցվեց «սփրեդ» ապրանքատեսակի նկատմամբ որոշակի հակաքարոզչությամբ, ինչն էլ սպառողների շրջանում անվստահություն է ստեղծել: Հայտարարություններ եղան նույնիսկ այն մասին, որ սփրեդը վտանգավոր է առողջության համար, ինչը նորագույն բժշկությունը ոչ միայն չի հաստատում, այլեւ կտրականապես հերքում է: Ավելին՝ կարագի համեմատ սփրեդն ավելի «անվնաս է», քանի որ խոլեստերին չի պարունակում (կամ պարունակում է շատ քիչ): Օրինակ՝ կարագը թեեւ ավելի սննդարար է, սակայն հակացուցված է խոցային հիվանդությունների ու բարձր խոլեստերինի դեպքում, այնինչ սփրեդը նման հակացուցումներ չունի: Բացի այդ՝ սփրեդը անփոխարինելի է դիետա պահողների համար: Սփրեդի մյուս առավելությունն այն է, որ կարող է փոխարինել եւ կարագին (կարելի է քսել հացի վրա եւ ուտել), եւ յուղերին (ճաշ պատրաստելիս):
Շատերը սփրեդը նույնացնում են մարգարինի հետ, սակայն դա իրականության հետ կապ չունի: Մեծ հաշվով՝ սփրեդը նույն կարագն է՝ բուսական յուղերի հավելումով: Հնարավոր է նաեւ վիտամինների հավելում: Այսինքն՝ կարագը զուտ կենդանական ծագում ունի, իսկ սփրեդը՝ խառը (եւ կենդանական, եւ բուսական): Բուսական հավելումների շնորհիվ սփրեդն ավելի էժան է կարագից, սակայն օգտակարությամբ նրան չի զիջում: Պատահական չէ, որ Արեւմտյան Եվրոպայում սփրեդն ավելի պահանջարկված է, քան կարագը: Արեւմուտքում եւ Ռուսաստանում արմատացել է այն կարծիքը, որ բարձրորակ սփրեդը ցածրորակ կարագից անհամեմատ լավ է: Հարկ է նշել, որ Հայաստանում եւս արտադրվում է բարձրորակ սփրեդ։ Արտադրողներից մեկը «Էլնոր» ընկերությունն է։ «Մենք սերուցքային կարագի, ինչպես նաեւ բուսասերուցքային սփրեդի արտադրությամբ զբաղվում ենք շուրջ 15 տարի։ Այս երկու ապրանքներն էլ օգտակար են, չնայած սփրեդը օգտագործման համար կարելի է, ասել ավելի «հարմար է»։ Օրինակ՝ կարագը եթե կիսահալ չէ հացին անհնար է հավասարաչափ քսել, ինչպես սփրեդը։ Սփրեդը կարող է փոխարինել նաեւ յուղին, քանի որ այդ հատկությունը եւս ունի։ Սփրեդում օգկակար վիտամինային հավելումներ կան, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին, իսկ խոլեստերին այս արտադրանքը կարագի համեմատ քիչ է պարունակում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Ս. Հակոբյանը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում սփրեդի նկատմամբ ստեղծված «անվստահությունը» ժամանակավոր է, իսկ պատճառը առաջին հերթին տեղեկատվության պակասն է։
Նա վստահություն հայտնեց, որ սփրեդը ոչ միայն անվնաս, այլեւ միանգամայն օգտակար սննդատեսակ է եւ շուտով այս ապրանքի սպառման չափերը կվերականգնվեն։
Կարապետ Մարգարյան




























