Համաշխարհային առաջնորդները հաջորդ շաբաթ Նյու Յորքում կհավաքվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ելույթ կունենա կազմակերպության ամբիոնից, հաղորդում է Reuters-ը։
Քննարկումների կենտրոնում կլինեն Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում սրվող հակամարտությունները, ինչպես նաև արհեստական բանականության զարգացման հետ կապված վտանգները։ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճերը կանցկացվեն սեպտեմբերի 22-ից 26-ը և սեպտեմբերի 28-ին։
Մոտ 130 պետությունների և կառավարությունների ղեկավարներ կհանդիպեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգի նկատմամբ աճող ճնշման ֆոնին։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը բախվում է ֆինանսական դժվարությունների և Թրամփի քննադատությանը, որի վարչակազմը կրճատել է կազմակերպության ամերիկյան ֆինանսավորումը և դուրս եկել ՄԱԿ-ի մի շարք կառույցներից։
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, որը վերջին անգամ անձամբ դիմել էր Գլխավոր ասամբլեային 2021 թվականին, Նյու Յորք չի ժամանի։ Փոխարենը նա հինգշաբթի Վաշինգտոնում բանակցություններ կվարի Թրամփի հետ։ Սա կրկին քննարկումներ է առաջացրել գլոբալ ճգնաժամերի լուծման գործում ՄԱԿ-ի դերի մասին։
Անորոշության լրացուցիչ աղբյուր է մնում նաև կազմակերպության ապագա ղեկավարության հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 2026 թվականի վերջին, սակայն նրա տեղը զբաղեցնելու պայքարում առայժմ հստակ ֆավորիտ չկա։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է նաև բարձր մակարդակի նիստեր անցկացնել Ուկրաինայի, արհեստական բանականության և Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ արաբական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Մենք այլևս չենք ասում, որ ՄԱԿ-նազատ անկման մեջ է, բայց ասում ենք, որ այն խրված է ձգձգվող ճգնաժամի մեջ», — հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Ռիչարդ Գոուենը։ Ըստ նրա, կազմակերպությունը, թերևս, այլևս «վերակենդանացման» փուլում չէ, ինչպես մեկ տարի առաջ, բայց տեսանելի ապագայում կմնա ճգնաժամային վիճակում։
Այս շաբաթ ԱՄՆ-ն ՄԱԿ-ին է փոխանցել 725 մլն դոլար՝ որպես կանոնավոր բյուջե կատարվող վճարումներ, այդպիսով խուսափելով Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կորցնելուց։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը դեռևս ավելի քան 1 մլրդ դոլար է պարտք կազմակերպությանը և շարունակում է պահանջել ծախսերի կրճատում և բարեփոխումների իրականացում։
Գլխավոր ասամբլեան կանցկացվի կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ արհեստական բանականության ոլորտի մի քանի խոշոր ընկերությունների ղեկավարներ կոչ արեցին համակարգված կերպով դանդաղեցնել այս տեխնոլոգիայի զարգացումը։ Նրանք նախազգուշացրել են, որ ԱԲ-ն շուտով կարող է ձեռք բերել ինքնուրույն կատարելագործվելու հնարավորություններ և դուրս գալ մարդու վերահսկողությունից։
Գուտերեշը արհեստական բանականությունն անվանել է առաջիկա քննարկումների գլխավոր թեմաներից մեկը։ Նա կոչ է արել առաջադեմ ԱԲ տեխնոլոգիաներ զարգացնող երկրներին սահմանել ընդհանուր կանոններ՝ վտանգավոր մրցավազքից խուսափելու համար։
2023 թվականին ՄԱԿ-ը ստեղծեց արհեստական բանականության հարցերով խորհրդատվական մարմին, որի կազմում ընդգրկվեցին տեխնոլոգիական ոլորտի, կառավարությունների և ակադեմիական հանրության ներկայացուցիչներ։ Գուտերեշը նաև բազմիցս հանդես է եկել ԱԲ-ի զարգացման կառավարման գլոբալ համակարգ ստեղծելու օգտին։
Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը տարբերվում է Թրամփի մոտեցումից, որը նախկինում մերժում էր ԱԲ-ի վտանգների մասին նախազգուշացումները։ Նոր մտահոգությունների ֆոնին նա, այնուամենայնիվ, շարունակում է հանդես գալ այս ոլորտում ԱՄՆ-ի առաջատար դիրքի պահպանման օգտին։
Մերձավոր Արևելքը կրկին կդառնա Գլխավոր ասամբլեայի կենտրոնական թեմաներից մեկը։ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև՝ մի կողմից, և Իրանի՝ մյուս կողմից, շարունակվող պատերազմը ուժեղացնում է տարածաշրջանում անկայունությունը և ճնշում գործադրում համաշխարհային տնտեսության վրա։
Առանձին ուշադրություն կդարձվի Եմենում իրավիճակին և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում նավարկությանը սպառնացող վտանգներին։ Գուտերեշը հայտարարել է, որ հակամարտության ռազմական լուծման հասնելը չափազանց բարդ է, և նշել է Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի ջանքերը՝ բանակցությունների առաջմղման ուղղությամբ։
Սակայն դիվանագիտական գործընթացը մնում է փակուղում. Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են հարվածներ փոխանակել, իսկ Թրամփը սպառնում է հակամարտության հետագա սրմամբ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետք է ելույթ ունենա Գլխավոր ասամբլեայում չորեքշաբթի։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հինգշաբթի։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը երկրորդ տարին անընդմեջ անձամբ ներկա չի լինի նիստերին։ ԱՄՆ-ն կրկին մերժել է նրան վիզա տրամադրել, սակայն Գլխավոր ասամբլեան թույլատրել է նրան ելույթ ունենալ տեսակապով։
Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ինչպես սպասվում է, տեղի կունենա նաև բարձր մակարդակի հանդիպում Սուդանում իրավիճակի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ դիվանագետները բանակցություններում բեկում չեն ակնկալում։
Մեկ այլ կարևոր թեմա կլինի Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, որը շարունակվում է ավելի քան չորս տարի։
Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Դիվանագետների կարծիքով, Զելենսկին, հավանաբար, կձգտի ապահովել Ուկրաինայի համար լրացուցիչ միջազգային աջակցություն՝ հերթական ծանր ձմռանը նախորդող շրջանում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչև այժմ չի կարողացել միջոցներ ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար, քանի որ Ռուսաստանը, որպես Խորհրդի մշտական անդամ, ունի վետոյի իրավունք։
Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ իրեն չի հաջողվել հասնել պատերազմի ավարտին, որը նա անվանում էր իր երկրորդ նախագահական ժամկետի առաջնահերթություններից մեկը։ Սեպտեմբերի սկզբին նա բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ, թե արդյոք Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու հետ։
Գուտերեշը նաև ընդգծել է պատերազմի հետևանքները խաղաղ բնակչության, համաշխարհային պարենային անվտանգության և էներգակիրների գների համար։ Ըստ նրա, Սև ծովի փաստացի շրջափակումը լուրջ խնդիրներ է ստեղծում, և անհրաժեշտ է միջոց գտնել՝ Սև ծովով ուկրաինական և ռուսաստանյան պարենամթերքի, պարարտանյութերի և էներգառեսուրսների անվտանգ արտահանումն ապահովելու համար։




























