Ռուսական զորքերը սեպտեմբերի 20-ի գիշերը տարբեր տիպի 138 հարվածային անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա, հաղորդում է РБК-Украина-ն։
Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի տվյալներով, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ ճնշել են 101 դրոն, սակայն արձանագրվել են նաև հարվածներ։
Հարձակման ժամանակ ռուսաստանյան զորքերը կիրառել են Shahed տիպի հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ ռեակտիվ, ինչպես նաև «Գերբերա» դրոններ և «Պարոդիա» անօդաչու սարք-իմիտատորներ։ Արձակումները կատարվել են Ռուսաստանի Օրյոլի և Միլերովոյի ուղղություններից, ինչպես նաև Դոնեցկի մարզի և Ղրիմի տարածքներից։
Ժամը 08:00-ի դրությամբ ՀՕՊ միջոցները խոցել կամ ճնշել են 101 անօդաչու սարք։ Միաժամանակ արձանագրվել են օդային հարձակման միջոցների խոցումներ 17 վայրում։ Եվս հինգ հատվածում հայտնաբերվել է խոցված դրոնների բեկորների անկում։
Օդային ուժերը հայտնել են, որ հարձակումը շարունակվում է, և կոչ են արել բնակիչներին պահպանել անվտանգության կանոնները։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է ուկրաինական որսացող դրոնների կողմից ռեակտիվ «Շահեդների» ոչնչացման առաջին կադրերը։ Ըստ նրա, Ուկրաինան արդեն փորձարկել է նման մի քանի մշակումներ իրական մարտական պայմաններում և մտադիր է դրանք դարձնել ռեակտիվ անօդաչու սարքերի դեմ պայքարի համակարգային միջոց։





























