Գերմանիայի երկու դաշնային երկրամասերում կիրակի անցկացվում են ընտրություններ, որոնց արդյունքները կարող են ազդել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նրա Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) դիրքերի վրա, գրում է The Guardian-ը։
Սաքսոնիա-Անհալտի տարածաշրջանային ընտրություններում աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության վերջին հաջողության ֆոնին կուսակցությունը հույս ունի ամրապնդել իր դիրքերը։
Բեռլինում ընտրելու իրավունք ունի մոտ 2,5 մլն մարդ, Մեկլենբուրգ — Առաջավոր Պոմերանիայում՝ գրեթե 1,3 մլն։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին և կփակվեն 18:00-ին, որից հետո սպասվում են էքզիթփոլների առաջին տվյալները։
Մերցի համար ընտրություններն անցնում են նրա անձնական վարկանիշի անկման և մի շարք նախընտրական, այդ թվում՝ տնտեսական աճին վերաբերող, խոստումները չկատարելու վերաբերյալ քննադատության ֆոնին։ Կանցլերը մերժել է հրաժարական տալու կոչերը և հայտարարել, որ մտադիր է շարունակել կառավարության աշխատանքը ամբողջական քառամյա ժամկետի ընթացքում։
Բեռլինում CDU-ն առաջին տեղի համար պայքարում է «Ձախեր» կուսակցության հետ։ Ըստ հարցումների, AfD-ն զբաղեցնում է երրորդ կամ չորրորդ հորիզոնականը։ Քարոզարշավի գլխավոր թեմաներից մեկը մնում է բնակարանի արժեքի աճը․ Բեռլինի բնակիչների մոտ 85%-ը վարձով է բնակվում, իսկ հայտարարված վարձավճարները 2014 թվականից սկսած գրեթե կրկնապատկվել են։
Մեկլենբուրգ — Առաջավոր Պոմերանիայում AfD-ն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) գրեթե հավասար արդյունք են գրանցում, մինչդեռ CDU-ն վտանգում է ստանալ ձայների 5%-ից պակաս։ Այդ դեպքում կուսակցությունը հետպատերազմյան պատմության մեջ առաջին անգամ կարող է չանցնել երկրամասային խորհրդարան։
Երկու շաբաթ առաջ AfD-ն Սաքսոնիա-Անհալտի ընտրություններում գրանցել էր իր համար ռեկորդային արդյունք՝ միայն փոքր-ինչ չհասնելով բացարձակ մեծամասնության։ Կուսակցությունը ձգտում է առաջին անգամ նացիստական ժամանակաշրջանից ի վեր հնարավորություն ստանալ ինքնուրույն գլխավորելու գերմանական երկրամասերից մեկի կառավարությունը։
AfD-ի աջակցության աճը տեղի է ունենում տնտեսական դժվարությունների, կյանքի թանկացման և գերմանական արդյունաբերության խնդիրների ֆոնին։ Կուսակցությունը նաև հանդես է գալիս Ուկրաինային աջակցելու Մերցի քաղաքականության դեմ։
Միևնույն ժամանակ, Գերմանիա նոր ժամանողների թվի կրճատումը, ըստ վիճակագրության, չի հանգեցրել AfD-ի աջակցության նկատելի նվազման։ Սաքսոնիա-Անհալտի ընտրություններում կուսակցությանը հաջողվել է էականորեն մոբիլիզացնել այն ընտրողներին, որոնք նախկինում չէին մասնակցում քվեարկությանը։
AfD-ի հաջողությունների ֆոնին Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել կուսակցության դեմ զանգվածային բողոքի ակցիաներ։ Նրա քաղաքական հակառակորդները հույս ունեն, որ AfD-ի հետագա ուժեղացման վերաբերյալ մտահոգությունները կխթանեն այլ կուսակցությունների կողմնակիցներին ավելի ակտիվ մասնակցել ընտրություններին։





























