Վերջին 12 օրերի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արել է մի շարք հայտարարություններ և քայլեր, որոնք ուշադրություն են գրավել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, գրում է CNN-ը։
Դրանց թվում են՝ յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5 հազար դոլար վճարելու խոստումը, եթե հանրապետականները պահպանեն վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատներում, նահանգին օգնությունը կասեցնելու սպառնալիքը՝ դեմոկրատ սենատորի ընտրվելու դեպքում, մի շարք երկրների հետ առևտուրը հնարավոր դադարեցնելու մասին հայտարարությունները և CNN-ի, Politico-ի ու MS NOW-ի մուտքը Սպիտակ տուն սահմանափակելու որոշումը։
5 հազար դոլար վճարելու առաջարկը Թրամփը ներկայացրել է նոյեմբերյան ընտրություններին նախապատրաստության ֆոնին։ Ըստ նրա, գումարը կվճարվի ԱՄՆ չափահաս քաղաքացիներին, եթե հանրապետականները պահպանեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Reuters-ի գնահատմամբ, ծրագիրը կարող է պահանջել մոտ 1,2–1,35 տրլն դոլար, իսկ դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի Կոնգրեսի հավանությունը։
Սեպտեմբերի սկզբին Թրամփը նաև հայտարարել էր, որ Հյուսիսային Կարոլինան կարող է չստանալ դաշնային օգնություն բնական աղետների դեպքում, եթե ընտրողները ընտրեն դեմոկրատ սենատորի։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահն ասել էր, որ դա կատակ էր։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի նախօրեին Թրամփը պատմել էր հարձակման օրը Համաշխարհային առևտրի կենտրոնի տարածքում իր գտնվելու մասին և պնդել էր, որ հրշեջները իրեն դուրս էին բերում վտանգավոր գոտուց՝ շենքի փլուզումից վախենալով։
Թրամփը նաև հայտարարել էր, որ 2024 թվականին Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում իր դեմ մահափորձը եղել է «դեմոկրատական դավադրություն», որն ուղղված էր իրեն նախընտրական արշավից հեռացնելուն։ Միաժամանակ դեմոկրատների մասնակցության հրապարակային ապացույցներ չկան։ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը նախկինում հայտարարել էր, որ քննությունը չի հայտնաբերել որևէ վկայություն այն մասին, թե հրաձիգ Թոմաս Քրուքսը կապ է ունեցել որևէ մեկի հետ՝ բացի իր ծնողներից։
Քննադատության մեկ այլ առարկա դարձան նաև առևտրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները ։ Նախագահը խոսում էր այն մասին, որ պատրաստ է դադարեցնել առևտուրը բոլոր այն երկրների հետ, որոնց հետ ԱՄՆ-ն ունի առևտրային դեֆիցիտ, եթե Դաշնային պահուստային համակարգը չնվազեցնի տոկոսադրույքները։
Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարեց, որ արգելում է CNN-ին, Politico-ին և MS NOW-ին աշխատել Սպիտակ տանը՝ մեղադրելով այդ լրատվամիջոցներին իր գործունեությունը բացասաբար լուսաբանելու մեջ։ Սպիտակ տան ներկայացուցիչները, պարզվեց, անակնկալի էին եկել այդ որոշումից, ընդ որում հայտարարությունից հետո առաջին ժամերին CNN-ի լրագրողները շարունակում էին աշխատել շենքում։
Այս ֆոնին Թրամփը նաև հրապարակայնորեն դժգոհություն հայտնեց Գերագույն դատարանի որոշ դատավորներից, որոնց ինքն էր նախկինում առաջադրել, հայտարարեց Իռլանդիայի հնարավոր միավորմանը աջակցության մասին և արհեստական բանականության անվտանգության վերաբերյալ մտահոգությունները անվանեց «խաբեություն»։
Առանձին հակամարտություն է ծավալվել Ջոն Քենեդու անվան ազգային մշակութային կենտրոնի շուրջ․ Թրամփը ձգտում է հնարավորություն ստանալ իր անունն ավելացնելու հաստատության անվանը և հայտարարում է, որ հակառակ դեպքում կենտրոնը կարող է բախվել լուրջ հետևանքների, կարծում է հեռուստաալիքը։
Reuters/Ipsos-ի սեպտեմբերի 11–14-ին անցկացված հարցման տվյալներով, ամերիկացիների 63%-ը հավանություն չի տալիս Թրամփի՝ 5 հազար դոլար վճարելու առաջարկին, եթե հանրապետականները պահպանեն վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ։
Այս բոլոր դրվագները տեղի են ունենում 2026 թվականի միջանկյալ ընտրությունների նախաշեմին, որոնց ընթացքում կորոշվի Կոնգրեսի երկու պալատների կազմը, ընդգծում է CNN-ը։





























