Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից դուրս բերված 15-ամյա Գոհար Ազոլյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա նշեց, որ աղջիկը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, կյանքին սպառնացող վտանգ չկա: Տնօրենն ասաց, որ աղջկա գիտակցությունը տեղն է, վնասվածքներ չունի, պարզապես սառը ջրի պայմաններում մի քիչ սառել էր:
Մեզ հաջողվեց պարզել, որ աղջկան ջրանցքից դուրս է բերել ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ապրիլի 16-ին ժամը 13.15-ի սահմաններում անցնում էր Իսակովի պողոռայով, նկատեց, որ մի կին եւ տղամարդ բղավում են` հագուստից բռնած ինչ-որ բան պահելով:
«Անմիջապես մոտեցա, ջուրն արդեն տանում էր երեխային, հենց համազգեստով թռա ջուրը, հանեցի երեխային, առաջին օգնություն ցուցաբերեցի, գրկել եմ փորի վրա, կրծքավանդակին շփումներ արել սրտի աշխատանքը վերականգնելու համար եւ այլն, ահագին ջուր եկավ թափվեց, գիտակցություն չկար, հետո անմիջապես շտապօգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց»,- պատմեց նա:
Արսեն Արշակյանը նշեց, որ երեխայի ծնողներին, հարազատներին չի տեսել դեպքի վայրում: Իսկ այդ կինը եւ տղամարդը, ովքեր փորձում էին նրան փրկել, պատահական տեսել էին, թե ինչպես այդ տարածքում երեխա է կքանստած, հետո տեսել են, որ երեխան չկա եւ միանգամից վազել են դեպի ջրանցքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն ստացվել, որ Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից Երեւանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը եւ անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 15-ամյա Գոհար Ազոլյանին (Երեւան, Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ), ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երեւանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




























