Պետք է այնպես անել, որ Երեւանում հավասարապես հարմարավետ լինի եւ՛ կենտրոնում, եւ՛ մնացած բոլոր շրջաններում: Այս մասին Newmag ամսագրին տված հարցազրույցում նշել է Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ կարեւորում է Երեւանի փոքր կենտրոնից դուրս թաղամասերի ու վարչական շրջանների զարգացումը:
«Երկու կարեւոր խնդիր կառանձնացնեի, որ այս տարիների ընթացքում համարել եմ գերակա, եւ հուսով եմ` հնարավորություն կունենամ այդ ուղղությամբ շարունակել աշխատանքը: Առաջին հերթին` Երեւանի փոքր կենտրոնից դուրս թաղամասերի ու վարչական շրջանների զարգացումը:
Այդ իմաստով նախադեպային կարող են համարվել Դավթաշենը եւ Ավանը: Լինելով համեմատաբար երիտասարդ թաղամասեր՝ հենց հարմարավետ ենթակառուցվածքի, համայնքային հոգատար վերաբերմունքի շնորհիվ այսօր շատերը նախընտրում են ապրել հենց այդ թաղամասերում: Մեր աշխատանքի գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի ավելացնել այդպիսի շրջանների քանակը: Այդ դեպքում մենք կլուծենք նաեւ կենտրոնը գերծանրաբեռնվածությունից թոթափելու խնդիրը:
Ավելին, հարմարավետ արվարձաններն այսօր ավելի գրավիչ են ապրելու համար: Այնտեղ աղմուկն ավելի քիչ է, օդը` մաքուր:
Երեւանի փոքր կենտրոնը պետք է լինի ավելի շատ բիզնես կենտրոն, իսկ դրան շրջապատող ու կից շրջանները՝ բնակվելու համար: Անշուշտ, այս փոխակերպումը պետք է լինի տարիների ընթացքում:
Երկրորդ խնդիրը քաղաքային իշխանության հանդեպ երեւանցիների վստահությունն է: Մենք փորձեցինք այն վերականգնել: Հուսով եմ՝ փոխվստահության մթնոլորտը եւ քաղաքապետարանի՝ քաղաքացուն ուղղված աշխատանքն ավելի շոշափելի կդարձնեն ավելի լավ քաղաք ունենալու մեր նպատակների ու ծրագրերի արդյունքը»,-ասել է նա:




























