Պարագվայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) հինգշաբթի կքննարկի երկրի նախագահ Սանտյագո Պենյայի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկը։ Նախաձեռնությունը կապված է «Ueno Bank» թվային բանկի շուրջ ծագած սկանդալի հետ, որի հետևանքով սառեցվել էին շուրջ 3 միլիոն հաճախորդի հաշիվներ։ Այս մասին հայտնում է ABC Color պարբերականը։
Պատգամավորների պալատի նախագահ Ռաուլ Լատոռեն նիստը նշանակել է ժամը 10:00-ին։ Պենյայի իմպիչմենտի հարցի քննարկումից հետո քվեարկության կդրվի նաև փոխնախագահ Պեդրո Ալյանային պաշտոնանկ անելու հարցը։
Պաշտոնանկության գործընթացը նախաձեռնած ընդդիմադիր պատգամավորները նախագահին մեղադրում են շահերի բախման մեջ՝ «Ueno Bank»-ի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով։ Նրանց ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ կառավարությունը սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին թույլ է տվել այդ խնդրահարույց բանկում տեղաբաշխել ավելի մեծ ծավալի միջոցներ, քան թույլատրվում է երկրի օրենսդրությամբ։ Բացի այդ, բանկի նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը նշանակվել է Պարագվայի Կենտրոնական բանկի նախագահ։ Իմպիչմենտի կողմնակիցներն այդ նշանակումը համարում են «հանրային շահերը պաշտպանելու պարտականության հետ անհամատեղելի որոշում»։
Իմպիչմենտի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների երկու երրորդի կողմ քվեն։ Առաջարկն ընդունվելու դեպքում հարցը կփոխանցվի Սենատորների պալատ, որը հանրային լսումներ կանցկացնի, ապա որոշում կկայացնի պետության ղեկավարի մեղավորության վերաբերյալ։

























