Ամերիկյան Google ընկերությունը ծախսերի կրճատման շրջանակում ընդլայնել է փոխհատուցմամբ աշխատանքից կամավոր ազատվելու ծրագիրը՝ դրանում ներառելով Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում բնակվող աշխատակիցներին։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ աշխատակիցների կրճատումը պայմանավորված է ծախսերի օպտիմալացման անհրաժեշտությամբ՝ արհեստական բանականության ոլորտում լայնածավալ ներդրումների ֆոնին։
2025 թվականին նման միջոցառումները վերաբերել են միայն առանձին թիմերի, իսկ 2026 թվականի ամռանը ծրագիրն ընդլայնվել է՝ ընդգրկելով մի քանի երկիր։ Աշխատանքից կամավոր ազատվելու նախորդ առաջարկները չէին վերաբերում ընկերության առանցքային ստորաբաժանումների՝ Google Cloud-ի և DeepMind-ի աշխատակիցներին։ Ենթադրվում է, որ այս անգամ ևս կիրառվում է նույն մոտեցումը, գրում է Reuters-ը։

























