Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի վրա տարածվում է Ազգային ժողովի կողմից 2009թ. հունիսի 19-ին հայտարարված համաներումը, եւ ընդդիմադիր խմբագրի պատժի չկրած ժամկետը պետք է կիսով չափ կրճատվի։
«Համաներումը տարածվում է, որովհետեւ առաջին հերթին սա մարտի 1-ի հետ է կապված։ Դա համաներման նախապայմանն էր, համապատասխան հոդվածներով դատապարտվածների վրա տարածվում է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնել է ՄԻՊ-ը:
Արմեն Հարությունյանը նշել է, որ չի ցանկանում խոսել դատարանի վճռի օրինականության կամ անօրինականության մասին։
«Տվյալ դեպքում հարցը պետք է մեկնաբանվի ի օգուտ մարդու իրավունքների, իսկ եթե ի օգուտ քաղաքացու ենք մեկնաբանում, միանշանակ տարածվում է, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հույս ունենանք, որ Վերաքննիչ դատարանը այդպես կմոտենա, որովհետեւ պետք է ազատական տեսակետից, լայն մեկնաբանել օրենքները»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Հիշեցնենք, որ 2010թ. հունվարի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Փաշինյանի պաշտպանները վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել նրան:




























