Այն, որ ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն տարածելու մեծ փորձ ունեն, ոչ-ոքի համար գաղտնիք չէ, բայց ինչպես երեւում է, մենք ինչպես պետք է չենք գնահատել մեր ադրբեջանցի գործընկերների ունակությունները։ Այն, որ այդ երկրի ԶԼՄ-ների աշխատակիցների օրը սկսվում է սովորական դարձած ստով, այլեւս ոչ ոքի չի զարմացնում, բայց այն, որ գործը կհասնի նրան, որ լրագրողները կսկսեն նոր պաշտոններ հորինել որոշ երկրների պաշտոնատար անձանց համար, արդեն հանդգնության վերջն է։

Օրերս ադրբեջանական մի շարք լրատվական գործակալություններ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն «գերմանական խորհրդարանի պետքարտուղար, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախկին նախագահ եւ գերմանա-ադրբեջանական կապերի միության նախագահ Էդուարդ Լինտները „Ադրբեջանցիների զանգվածային սպանությունները Խոջալուում եւ շուրջ մեկ միլիոն փախստակաների ճակատագիրը“ վերնագրով մի դիմում է ուղարկել Բունդեստագ»։

Շփոթվելով չափից մեծ ապատեղեկատվությունից՝ մեր ադրբեջանցի գործընկերները մոռացել կամ ծուլացել են ճշտել Էդուարդ Լինտների պաշտոնը, ով իբր ստորագրահավաք է ուղարկել Բունդեստագ։ Ինչեւէ, ի տարբերություն իր ադրբեջանցի գործընկերների՝ NEWS.am-ի թղթակիցը չի զլացել եւ դիմել է Բունդեստագ, որտեղ նրան պարզաբանել են, որ այնպիսի պաշտոն, ինչպիսին գերմանական խորհրդարանի պետքարտուղարն է, գոյություն չունի, եւ խոսել ինչ-որ ստորագրահավաքի մասին, անգամ անիմաստ է։