ԱՄՆ իշխանությունները մերժել են մուտքի վիզա տալ Կուբայի Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոյի դստերը` Մարիել Կաստրո Էսպինին:

Մարիելը, հանդիսանալով Կուբայի սեռական դաստիարակության Ազգային կենտրոնի տնօրեն, պետք է ելույթ ունենար Ֆիլադելֆիայի արվեստի ինստիտուտի կոնֆերանսի ժամանակ: Բացի այդ, Equality Forum կազմակերպության իրավապաշտպանները պատրաստվում էին Ռաուլ Կաստրոյի դստերը մրցանակ շնորհել «գեյերի եւ լեզբուհիների իրավունքների պաշտպանության ակտիվ գործունեության համար»:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ֆիդել Կաստրոյի զարմուհուն մերժելու իր պատճառները` ասելով, որ նման որոշումներն առանց որեւէ պատճառաբանության են կայացվում, հայտնել է BFM.RU-ն:

Մարիել Կաստրո Էսպինը 51 տարեկան է: Նա սեռական առողջության Միջազգային դաշնության ակտիվ անդամ է: Նա համարվում է Կուբայում սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու ուսուցիչը: